«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է համաներում հայտարարել 3647 քաղաքացիների նկատմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն է ստորագրել՝ ուղղված վարչապետին։
Նա առաջարկում է, որ 27 տարին լրացած 3647 քաղաքացիների նկատմամբ, որոնք երկրից դուրս են գտնվում և հետախուզման մեջ են գտնվում Զինված ուժերում չծառայելու համար, համաներում հայտարարվի։
«Քանի որ համաներման նախաձեռնության իրավունք չունի խմբակցությունը, ես հիմա գրություն եմ ստորագրելու ուղղված վարչապետին՝ առաջարկելով, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի և 3647 քաղաքացիների համար մենք համաներում հայտարարենք։ Ես գիտեմ, որ հիմա փաստարկներ կհնչեն, որ վայ, չեն ծառայել, ոչ մի համաներում, նրանք պետք է նստեն։ Հիշեցնեմ, որ սա միջին ծանրության հանցագործություն է, մինչդեռ վերջին համաներման ժամանակ՝ ծանր հանցագործություն կատարած անձինք ներվել են։
Այսինքն՝ մարդիկ, որոնք ռեալ հանցագործություն են արել, այդ մարդկանց խորհրդարանը համաներմամբ ազատել է, բայց այն մարդիկ, որոնք տարիներ առաջ տարբեր իրավիճակներով պայմանավորված լքել են Հայաստանը, հետո ինտեգրվել են այլ հասարակության մեջ, իսկ հիմա ուզում են գալ հայրենիք, մենք նրանց հնարավորություն չտա՞նք, որ գան։ Ես կարծում եմ, որ պետք է այդ հնարավորություն տանք 3647 հոգուն, դրա տակ կմնա մոտ 7000 մարդ, որի 27 տարեկանը չի լրացել, նրանք էլ երբ գան Հայաստան՝ Զինված ուժերում կծառայեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը։
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ այս կերպ կլուծեն դեմոգրաֆիայի խնդիրը։
«Մարդկանց շանս ենք տալիս, որ գան հայրենիք, կանգնեն պահեստազոր և իրենց կյանքը այստեղ շարունակեն։ Հայաստանում բնակչությանը թիվը այս կերպ կավելանա»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։
Ըստ Էդմոն Մարուքյանի հրապարակած տվյալների՝ 2015թ․-ին հետախուզվող է համարվել 11 043 մարդ, հայտնաբերվել է 835-ը։ 2016թ․-ին հետախուզվող է համարվել 10 208 մարդ, 2017-ին՝ 10 741, 2018-ին՝ 11 170 և 2019-ին՝ 10 940 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։