Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

300 հոգի մնացել է առանց աշխատանքի․ Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների ակցիան (տեսանյութ)

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ բողոքի ակցիա էին իրականցնում։ 2019թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության ազգային ինստիտուտի լուծարվեց։

Մոտ 300 աշխատակից մնացել է առանց աշխատանքի, նրանք այսօր ցանկանում էին իմանալ՝ ինչպես է լուծվելու հարցը։ Նախարարությունից ասել են՝ նոր կառույց է ստեղծվելու՝ Կրթական հիմնադրամ, սակայն մինչ օրս չկա կանոնադրություն, չկան հստակ ժամկետներ, թե երբ կձևավորվի նոր կառույցը,-ասում են աշխատակիցները։

Նրանք հանդիպեցին ԿԳՄՍ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանի հետ, հանդիպումից, սակայն , գոհ չէին։ Կրթության ինստիտուտի նախկին աշխատակից Թամարա Թովմասյանը վստահեցրեց, որ իրենց ակցիան շարունակական է լինելու․

«Քննարկեցինք նոր կառույցի ստեղծման ժամկետը, բայց դարձյալ ապարդյուն, որովհետև նորից չնշվեց, թե երբ, ինչպես և ինչ ձևով է մրցույթը լինելու»։

Ակցիայի մասնակիցները գոհ չեն նաև նրանից, որ նոր կառույցում աշխատակիցները ընտրվելու են մրցույթով։ ԿԱԻ-ի մեկ այլ աշխատակից Նունե Ամիրյանն էլ ընդգծեց, որ այն, ինչ ասվում էր առաջ, որ պետք է փոփոխություններ արվեն, մինչ այս պահը որևէ բան չի արվել․

«Կարևոր չի՝ մենք աշխատում ենք, թե չենք աշխատում, մենք գիտենք այդ կառույցի կարևորությունը, մենք հասկանում ենք, որ առանց այդ կառույցի հայակրթությունում խութեր են առաջանալու, որոնք հետո պետք է հաղթահարել»։

Նունե Ամիրյանը պնդում է, որ այստեղ նաև օրենք է խախտվել, քանի որ, ըստ օրենքի, ուսուցիչների մեկ հինգերորդը ամեն տարի պետք է ատեստավորում անցնի, բայց քանի որ ինստիտուտը չի գործել, ուսուցիչները չեն անցել ատեստավորումը։ Նախարարությունից էլ ասել են, որ նախարարը կասեցրել է սա։

Լրագրողների հետ զրույցում նախարարության դիրքորոշումը ներկայացրեց ԿԳՄՍ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը։

«Հանդիպման և՛ սկզբում, և՛ վերջում ասացի, որ սովորաբար այս հանդիպումների վերջում գոհ են լինում միայն այն դեպքում, եթե ես իրենց ասեի, որ, օրինակ, վաղը եկեք և հրամանգարվեք աշխատանքի, մնացած բոլոր դեպքերում իրենք դժգոհ էին մնալու»։

Նախարարության աշխատակազմի ղեկավարը պնդում է, որ նախկին աշխատակիցների դժգոհությունը արդարացված չէ, որովհետև իրենք վաղ զգուշացվել են, որ ինստիտուտը լուծարվում է, ստեղծվում է նոր կառույց, և նոր կառույցում ընդգրկվելու են 60-70 աշխատակից․

«Մենք ոչինչ չենք ուշացրել և ամեն ինչ անում ենք, որ այդ կառույցը հնարավորինս շուտ ստեղծվի»։ Ինչ վերաբերում է աշխատակիցների գործազուրկ դառնալուն, Հարությունյանն ասաց, նրանք կարող են աշխատանք գտնել կրթական այլ հաստատություններում, տվյալ կառույցը եղել է ուռճացված հաստիքացանկով։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն պարզաբանել էր, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի փոխարեն պետք է ստեղծվի նոր հիմնարկություն, որն էլ պետք է իրականացներ ԿԱԻ-ի որոշ գործառույթներ: