Բացել լրահոսը Փակել լրահոսը
499069b5b74d1bdb61039e10e6a09b19
A A
Հասարակություն

«Մեր վիճակն ահավոր է լինելու»․ Մալաթիա-Սեբաստիայում ավտոտնակներ են քանդվում (տեսանյութ)

Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու կառուցման։ Նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը սպառնում է իրենց անվտանգությանը:

«Ինձ պետք է իմ թոռի ապահովությունը, երեխաների համար նորմալ խաղալու տեղ էլ չի մնում»,- ասում է բողոքող բնակիչներից մեկը։ 

«Մենք ենք ընտրել մեր վարչապետին էլ, քաղաքապետին էլ, թող գան, նայեն այս խնդիրը, մենք գել ու գազան չենք»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Քաղաքացիները վստահեցնում են , որ հարցի լուծմանը չեն ուզում հասնել հայհոյանքների ու կռվի միջոցով․ միակ ճանապարհը քաղաքակիրթ եղանակն է։

«Մեր վիճակն ահավոր է լինելու, երկու կողմից մայրուղիներ են։ Մենք կառավարությանն առաջարկել ենք ալտերնատիվ տարբերակի մասին, որ մի ճանապարհը երկաթգծով անցնի։ Կառավարությունն արձագանքել է մեր բողոքներին, սակայն նրանց կողմից  առաջարկված տարբերակները մենք մերժել ենք »,-ասում է տարեց բնակիչներից մեկը։

Տարածքում նաեւ ավտոտնակներ են քանդվում՝ ճանապարհի կառուցման համար։

«Ոչ ոք չի ասում, թե խնդիրն ավտոտնակներն են: Ներկայացված մուտքերն անհաջող են, դրանց անվտանգություններն ապահովված չեն: Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում», - նշեց բնակիչներից մեկը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հանդիպեց հավաքվածներին։

Լրագրողներին նա տեղեկացրեց, որ ամիսներ առաջ քաղաքի գլխավոր ճարտարապետի ՝ Արթուր Մեսչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում բնակիչների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Խնդիրները լսվեցին, և հնարավորինս փոխզիջումային տարբերակներ առաջարկվեցին։ Օրինակ ՝ նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում, մուտքերն ու ելքերը անբավարար էին, իսկ նոր նախագծով լուծվել են այդ խնդիրները, ավելացվել է վերգետնյա անցում»։

 Նա  նաև նշեց, որ անկախ նրանից՝ նախագծի մեջ փոփոխություններ եղե՞լ են, թե ոչ, ավտոտնակների ապամոնտաժումը կապված չէ այս հարցի հետ։

«Ինչպես հայտնի է՝  քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2016 -2017 թվականներին այս տարածքներն իրացրել է ,և բավարար չափով փոխհատուցումներ տրվել են։ Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար շուկայական արժեքի 115 տոկոսի չափով փոխհատուցում է տեղի ունեցել։ Զավթած տարածքների համար համայնքը վճարել է 25 տոկոսի չափով»,- ասում է Հակոբ Կարպետյանը ։

Հակոբ Կարապետյանը վստահեցնում է , որ ավտոտնակների դիմաց փոխհատուցվել է այն գնով, որով որ այս պահին բնակիչը  կարող է նոր ավտոտնակ ձեռք բերել ։

«Սա քաղաքի կարևոր ճանապարհային հանգույցներից մեկն է, և կարծում եմ բնակիչների հետ հետագա քննարկումներով կլուծվի այս հարցը» ,- ասաց քաղաքպետի մամուլի խոսնակը։

Տեսանյութը՝ Factor.am-ի