Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տվել՝ չհրապարակելով ավելի վատ ժառանգությունը (տեսանյութ)

Անցած շաբաթ Ժնևում Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ առաջին անգամ էր խոսվում, որ հավատարիմ են «կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառությանը»։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գտնում է, որ կոնֆիդենցիալությանը այդ ակնարկը հավասարապես վերաբերում է թե հայկական, թե ադրբեջանական կողմերին։ Մինչ հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էր մամուլում բանակցությունների վերաբերյալ ինչ-որ բացահայտումներ արել։ Ինչպես նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր վերջին ասուլիսում խոսել Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին՝ ներկայացնելով բանակցային մի փաստաթուղթ, որն արդեն իսկ մամուլում հրապարակվել էր։

Ինչ վերաբերում է Կապանում Ն․Փաշինյանի ներկայացրած փաստաթղթին, Լ․Զուրաբյանը գտնում է, որ ՀՀ վարչապետը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ներկայացնելով, որ դա ԼՂՀ հակամարտության բանակցություններում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ Նա ասում է, որ այդ փաստաթուղթը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բանակցային գործընթացում ՀՀ դիրքերը բավականին բարձր էին, և Ս․Սարգսյանը դեռ Հայաստանը չէր թուլացրել։ «Իրականում Ս․Սարգսյանի ժառանգությունը ավելի վատն է։ Եվ անհասկանալի է, թե Ն․Փաշինյանն ինչով է ղեկավարվել, երբ ավելի վաղ պլանն է ներկայացրել՝ չհրապարակելով այն, որը շատ ավելի վատն է»,- տարակուսում է նա։

Անդրադառնալով Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, թե մտահոգ են վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության բարձր մակարդակի համար, Լ․Զուրաբյանն ասում է, որ բարկացած է գործող իշխանությունների վրա։ «Համազեկուցողները հավասարության նշան են դրել ՀՀ լեգիտիմ իշխանությունների և կեղծիքներով ստեղծված ոչ լեգիտիմ ՍԴ-ի միջև։ Դա իշխանությունների դանդաղկոտության հետևանքն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ԵԽԽՎ-ի հետ այլ լեզվով խոսեք՝ որ մենք հեղափոխություն ենք արել, և մեր ժողովուրդը ժողովրդավար ինստիտուտների կարոտ է, իսկ ՍԴ-ն նախկին հանցագործ բանդայի սպասարկուներն են»,- ասում է նա։

Խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին՝ ՀԱԿ փոխնախագահն ասում է, թե նրանք քաղաքական ուժեր չեն, օլիգարխիայի շահերը սպասարկող ուժեր են, և նրանց դիրքորոշումը պայմանավորված է լինելու կոնկրետ օլիգարխների շահերից։