Քոչարյանի պաշտպանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Նիստին Քոչարյանը չի մասնակցում։
Դատավորի հարցին, թե դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու կարիք տեսնո՞ւմ են, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դրական արձագանքեց, բայց մինչ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը, Հովհաննես Խուդոյանը մտահոգություն հնչեցրեց, որ դատարանը իր վստահորդին նիստին մասնակցելու գործընթաց չի ապահովել։
Դատավոր Արմեն Դանիելյանը պարզաբանեց, որ կազմակերպչական առումով դատարանն այս ձևաչափն է ընտրել՝ ելնելով առաջին ատյանի ձևաչափի նկատառումներից։
«Միաժամանակ նշեմ նաև, որ դատարանի մոտեցումները կազմակերպչական առումով բավականին ճկուն են, և կաորող է վերանայվել։ Եթե նման խնդիր եք բարձրաձայնում, դատարանը դա կարող է քննարկել»,- նկատեց դատավորը։
Ի պատասխան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ բազմաթիվ են այ գործերը, որոնք մինչ դատական բողոքի քննության ընթացքում նույն ձևաչափով առաջին ատյանում չի մասնակցել, և բոլոր դատավորները դատական նիստեր նշանակելուց առաջ իրենց տեղեկացրել են, կարծիք են հարցրել, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է մասնակցել դատական նիստին, և համաձայնեցնում են դատական նիստի օրն ու ժամը, որ հնարավոր լինի Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել։ Ըստ նրա՝ դատավորը ի վնաս իր վստահորդի է գործել, բայց նկատի ունենալով, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր կան, այդ հարցին ուշադրություն չեն դարձնում։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հայտարարեց, որ պահանջ չի նախատեսվում, որ այս բողոքի քննությանը մասնակցի մեղադրյալը, սակայն կա նախադեպային իրավունք, որին նաև ՍԴ-ն է անդրադարձել և ամրագրել, որ մեղադրյալի ցանկությունը պարտադիր դարձնել դատարանի համար նրա ներկայությունը ապահովելու մասին։
«Չեմ կարծում, որ պաշտապանության կողմը, տեղյակ լինելով այդ բողոքի քնության տեղի ու օրի մասին, հնարավորություն չի ունեցել իր ցանկությունը հայտնել մեղադրյալի մասնակցության ապահովման համար։ Ինքնանպատակ եմ համարում պաշտպանական կողմից արտահայտած տեսակետը հարցը սկզբից բարձրաձայնել, ստեղծել տպավորություն, որ դատարանը ինչ-որ գործողություն է կատարել, որը կարող է մեղադրյալ իրավունքներին դեմ լինել և սկսել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։