Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աշխարհի տարբեր երկրներից գալիս են Հայաստան՝ զբոսավարների թրեյնինգների մասնակցելու (տեսանյութ)

Հայ զբոսավարների «Գիլդիա» հասարակական կազմակերպությունն այսօր նշում է գործունեության 15 տարին։ «Գիլդիային» անդամակցում են ավելի քան 50 սկսնակ և ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող զբոսավարներ, որոնք 9 լեզուներով զբոսավարի դասընթացներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ովքեր զբոսավարի մասնագիտությունն են ընտրել։ «Գիլդիա» թրեյնինգ կենտրոնն աշխարհում զբոսավարների միջազգային երկրորդ կրթական կենտրոն է, նշում է հայ զբոսավարների «Գիլդիա» ասոցիացիայի փոխտնօրեն Լիա Բախշինյանը՝ պատմելով իրենց գործունեության մասին։ «2014 թվականին, երբ միջազգային գիդերի ասոցացիան այցելեց մեզ, ծանոթանալով մեր գործունեությանը և տեսնելով մեր որակը՝ որոշեց, որ Հայաստանը կլինի երկրորդ միջազգային թրեյնինգ կենտրոնը։ Ամեն տարի տարբեր երկրներից Հայաստան են այցելում զբոսավարներ և մասնակցում որակավորման թրեյնինգներին։ Իսկ որակավորված զբոսավարները հրավիրվում են տարբեր երկրներ՝ իրենց ձեռք բերած փորձը կիրառելու համար»։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, շնորհավորելով «Գիլդիան» ՀԿ-ի 15 ամյակը՝ նշում է, որ այն մեծ վաստակ և ճանաչում ունի զբոսաշրջության ոլորտում։ «Գիլդիայի անդամները առանձնակի նվիրումով են իրենց գործին մոտենում և մեծ դերակատարում ունեն զբոսաշրջության ոլորտում, քանի որ լավագույնս ներկայացնում են մեր երկիրն ու ավանդույթը։ Տարբեր երկրներից՝ Թաիլանդ, Իրան,Ղազախստան, գալիս են Հայաստան՝ միջազգային կրթական կենտրոնում վերապատրաստվելու, ինչը Հայաստանի իմիջի համար մեծ նշանակություն ունի»,- ասաց նա։ «Գիլդիա» ՀԿ-ի տարեդարձը շնորհավորելու էին եկել ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ոլորտի մասնագետներ եւ այլոք։