Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե այդ քայլերը լինեն, Լիբանանը շատ արագ կվերագտնի իրեն․ արաբագետը՝ Բեյրութում տիրող իրավիճակի մասին

Լիբանանում երեկ ավարտվեց նոր կառավարության ձևավորումը՝ վարչապետ Հասսան Դիաբիի գլխավորությամբ, սակայն երկրում ցույցերը դեռևս չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են տեխնոկրատներից կազմված կառավարություն ձևավորել։ Կառավարության կազմում է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջադրած հայազգի Վարդինե Օհանյանը, որը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։

Բեյրութում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

«Երկար ժամանակ է` ցույցերը շարունակվում են, անցած տարվա հոկտեմբերից։ Ցուցարարները հիմնականում երիտասարդներ են։ Նրանք նոր կառավարություն են պահանջում ձևավորել` տեխնոկրատներից, պրոֆեսիոնալներից կազմված, երկրում առկա խնդիրների լուծում»,- նշեց արաբագետը։

Ճգնաժամը, ըստ նրա, շարունակվում էր մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Բայց նորից Լիբանանին բնորոշ դավանական կառավարման մոդելի հիման վրա։ Եվ քանի որ երիտասարդներ էին, փողոց դուրս եկածները պահանջում էին նոր կարգեր, այլ կառուցվածք, այլ մեթոդներով ձևավորվող կառավարություն, ուստի բողոքի ակցիաները շարունակվում են»,- պարզաբանեց արաբագետը։ 

Բողոքի ցույցերը, Սարգիս Գրիգորյանի խոսքերով, 2020 թվականի հունվարի սկզբներին անդեմ էին, չկային քաղաքական լիդերներ, տարերայնորեն էին ընթանում, սակայն վերջին շրջանում նկատվում են ուղղորդումներ․

«Նկատի ունեմ այն հարձակումները, որոնք մի քանի օր առաջ եղան կառավարական շենքերի վրա, բանկերի վրա Բեյրութի կենտրոնում։ Եվ այստեղ վտանագավոր մի իրավիճակ ստեղծվեց, որտեղ արդեն երևում էին քաղաքական ձեռագրեր, որոնք փորձում էին լիդերներ չունեցող զանգվածներին ուղղորդել։ Հիմա կդժվարանամ ասել, թե կոնկրետ որոնք, բայց կարելի է ենթադրել։ Ամեն դեպքում սա վտանգներով է լեցուն»։ 

Թե ի՞նչ վտանգների մասին է խոսքը, Գրիգորյանն ասաց, որ քանի որ ցուցարարները հիմնականում երիտասարդներին էին և իրենց քիմքին հատուկ փոփոխություններ էին ուզում, վտանգն այն էր, որ Լիբանանում ազդեցիկ այդ ավանդական ուժերը փորձում են ցույցերն ուղղորդել իրենց հարիր քաղաքական ուղով։ 

«Բանկերի վրա հարձակումները, հարձակումները այն ինստիտուտնեի վրա, որոնք ինչ-որ չափով Լիբանանում կայացած էին։ Լիբանանում ամենակայացածը հենց ֆինանսական, բանկային համակարգն էր, ու մենք հենց այդ համակարգի վրա հարձակումներ տեսանք։ Վտանգը հենց սրա մեջ էր։ Հիմա էլ եմ տեսնում այդ վտանգը․ տեսնում ենք ցուցարարների ուղղորդում, որը շատ վտանգավոր է նաև այսօր»,- շարունակեց նա։

Գրիգորյանը չշտապեց նշել, թե որոնք են կոնկրետ այդ ուղղորդող ուժերը, բայց ենթադրաբար այն ուժերն են, որոնք փորձում են պահպանել կառավարման այն հիմնական համակարգը, կառուցվածքը, որոնք եղել են Լիբանանում․ «Այսինքն՝ դավանական գաղափարախոսությամբ առաջնորդվող թե՛ սյուննիական, թե՛ շիական, թե՛ քրիստոնեական, որոնք որ փորձում են այդ համակարգը պահպանել»։

Ճշգրտող հարցին, թե այսինքն՝ այդ քաղաքական ուժերն ուղղակի օգտագործո՞ւմ են իրենց քաղաքական նպատակների համար, պատասխանեց, որ կտրուկ փոփոխությունները Լիբանանի պարագայում մի քիչ վտանգներով են լեցուն․ «Իմ կարծիքով՝ քանի որ կառավարությունն արդեն ստեղծվել է, հուսով եմ հիմնականում այն մարդիկ են, որոնք որ թաթախված չեն կոռուպցիայի մեջ կամ գոնե տեսանելի չեն եղել այդ առումով»։ 

Լիբանանի կառավարության անդամները, ըստ Գրիգորյանի, պետք է կոնկրետ քայլեր իրականացնեն, շատ արագ քայլեր, որոնք որ արդյունավետ պետք է լինեն՝ առաջնորդվելով Լիաբանանը միասնական պահելու սկզբունքով, այդ տարաձայնությունները հարթելու գաղափարով։ «Այդ լուծումներն ընկած է Լիբանանի ներկայիս կառավարության անդամների կամքի վրա։ Այդ քայլերը պետք է ուղղված  լինեն նաև բացասական տրամադրությունները հարթելուն։ Եթե այդ քայլերը լինեն, Լիբանանը շատ արագ կվերագտնի իրեն, եթե՝ ոչ, ցույցերը կշարունակվեն»,- եզրափակեց նա։