Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-oB8zGdbSQX
A A
Հասարակություն

Ալումյանը համամիտ չէ ՍԴ որոշման հետ. նորից դիմում կներկայացնեն

Սահմանադրական դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննության առնել։ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դիմել էր Բարձր դատարան, որպեսզի Սահմանադրությանը հակասող ճանաչվի իր կարծիքով օրենքի բացը, որով ՍԴ-ն իր որոշումները պարզաբանելու հնարավորություն և իրավասություն չունի։

«Ա1+»-հետ հեռախոսազրույցում փաստաբանն ասաց, որ ՀՀ բոլոր դատարանները՝ քրեական, քաղաքացիական, վարչական, իրավասություն ունեն պարզաբանելու իրենց դատական ակտերը։ «Այսինքն՝ եթե որևիցե դատական ակտ ոչ այդքան հստակ է շարադրված կամ տարակարծությունների տեղիք է տալիս, իրավասու են իրենք պարզաբանել իրենց դատական ակտերը»,- նշեց պաշտպանը։

Միակ դատարանը Հայաստանում, Ալումյանի խոսքերով, որը պարզաբանելու իրավասություն չունի, Սահմանադրական դատարանն է։ «Ամենախճճված դրույթների, ամենադժվար ընթեռնելի տեքստերը, որոշումները, դատական ակտերը կայացնում է հենց մեր ՍԴ-ն։ Երբեմն այնպիսի դատական ակտ է կայացնում, որ 10-ն իրավաբանների մեջ 2 համանման կարծիք չի լինում տվյալ դատական ակտի իմաստի վերաբերյալ»,- շարունակեց նա։

Փաստաբանն իր դիմումի մեջ հիշատակել է, որ նույնիսկ Եվրոպական դատարանն ունի իր դատական ակտերը պարզաբանելու հնարավորություն․ «Ես դիմել եմ Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրությանը հակասող ճանաչվի այն օրենքի բացը, որով Սահմանադրական դատարանն իր որոշումները պարզաբանելու հնարավորություն չունի։ Ես գտնում եմ, որ այդ օրենքի բացը Սահմանադրությանը հակասող է»։

Ալումյանը համամիտ չէ ՍԴ որոշման հետ, իսկ որոշման մեջ ՍԴ-ի նշած թերությունները հաշվի առնելով, ավելի հաջող դիմում կպատրաստի, նորից կներկայացնի Բարձր դատարան։

Հարցին, թե ՍԴ-ի ո՞ր որոշումից հետո է փաստաբանական խումբը մտադրվել դիմել ՍԴ, պատասխանեց․ «Դե պարոն Քոչարյանի գործով մի որոշում կար։ Մենք այդ որոշման մի հատվածն էինք վկայակոչում, ասում էինք՝ «Խնդրեմ դատարան այ էս որոշման այ էս հատվածի հիման վրա պետք է քրեական հետապնդումը դադարեցվի, պարոն Քոչարյանը պիտի ազատ արձակվի»»։

Թե ՍԴ որ որոշումն էր, փաստաբանն ասաց, որ դա վերաբերում էր Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասն էր հրապարակել, ապրիլի 9-ին ամբողջական որոշումը։ Որոշմամբ Բարձր դատարանը ՔԴ օրենսգրքի 35-րդ հոդվածը (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) հակասահմանադրական էր ճանաչել, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) 2-րդ մասը՝ ոչ։

Պաշտպանը ՍԴ-ի՝ դիմումը քննության չառնելու որոշման կետերից մեկն առանձնացրեց․ «Դատարանն արձանագրել է, թե «ցանկացած դատարան, առավելևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրված լինեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա»»։  

Այս փաստարկը, ըստ պաշտպանի, ճիշտ է գրված, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենահաճախը հենց ՍԴ որոշումներն են կատարման ընթացքում անհստակություններ առաջացնում։ «Այսինքն՝ այդ փաստարկն ինքը հիմք ընդունելով ոչ թե պետք է քննությունը մերժեր, այլ հակառակը՝ մի օր շուտ դիմումը քննության առներ»,- շեշտեց Հայկ Ալումյանը

Իսկ թե երբ է պատրաստվում նոր դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, փաստաբանը պատասխանեց, որ հավանաբար եկող շաբաթվա առաջին օրերին։