Բացել լրահոսը Փակել լրահոսը
83932408_216497649373655_6008999356974235648_n
A A
Հասարակություն

Մարզպետը հանդիպեց ճանապարհը փակած ցուցարարներին․ ի՞նչ են պայմանավորվել

Անասնապահները, մսավաճառները փակել էին Երևան-Արարատ մայրուղին։ Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի՝ արգելվում է տնային պայմաններում մորթված կենդանու մսի վաճառքը, և մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, իսկ վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցներում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։

Ցուցարարներին հանդիպեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Հավաքվածները հայտնեցին մարզպետին իրենց դժգոհությունը, որ դեմ են սպանդանոցներում մորթ անելուն, որ դրանից կտուժեն իրենց աշխատանքը, իրենց կենսապայմանները։

Գարիկ Սարգսյանն ասաց, որ խնդիրն ունի երկու կողմ մեկը՝ մսի հարցում սանիտարահիգիենիկ պայմանները պետք է պահպանվեն, մյուսը գյուղացիների խնդիրներն են։

«Էսօր նենց կադրեր են ցույց տալիս, դուք էլ տեսնում՝ ինչպես է մորթն իրականցվում։ Ես չեմ ուզում հավատալ, որ մեզ մոտ տենց ա արվում, բայց պտի գնանք էս ճանապարհով, պտի գնանք »,- նշեց մարզպետը։

«Եթե հարցին լուծում չտաք էս ճանապարհը սենց  չենք փակելու աերոպորտն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու»,- ասաց գյուղացիներից մեկը։ Ճանապարհը փակած գյուղացիները նշեցին, նաև, որ կենդանուն փոխադրելու հետ կապված էլ են կարող խնդիրներ առաջանալ։

Ցուցարարները համաձայնվեցին 18։30-ին Արարատի մարզպետարանում հանդիպել Գարիկ Սարգսյանի հետ և բացեցին ճանապարհը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է կառավարության որոշումը, ըստ որի՝ կենդանիների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, ու վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։ 

Նշենք նաև, որ հունվարի 16-ին Սննդի անվտանգության տեսչական մարմինը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հանդիպում է եղել ՍԱՏՄ-ի և մոտ երեսուն սպանդանոցի ներկայացուցիչների միջև, քննարկում է եղել, և հուշագիր ստորագրվել։ Հուշագրի համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝ 

կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը՝ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս, սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով, 

խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով, 

մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով, 

խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով: