Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մսավաճառներն ու անասնապահները կրկին ակցիա են անում կառավարության դիմաց (տեսանյութ)

Անասնապահները, մսավաճառները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Պատճառը կառավարության որոշումն է վաճառվելիք մսի վերաբերյալ։ 
 
Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ ...» և հանդիպում պահանջում «որոշում ընդունողի հետ»։
 
Սակայն արձագանք չստանալով կառավարությունից՝ ցուցարարները փակեցին Հրապարակ տանող ճանապարհներից մեկը։
 
Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է կառավարության որոշումը, ըստ որի՝ կենդանիների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, ու վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
 
Նշենք նաև, որ հունվարի 16-ին Սննդի անվտանգության տեսչական մարմինը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հանդիպում է եղել ՍԱՏՄ-ի և մոտ երեսուն սպանդանոցի ներկայացուցիչների միջև, քննարկում է եղել, և հուշագիր ստորագրվել։
 
Հուշագրի համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝
 
կենդանիների տերերից կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը՝ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս, սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,
 
խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,
 
մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,
 
խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:
 
Հունվարի 17-ին մսավաճառներից, անասնապահներից կազմված պատվիրակության անդամներից մեկը 2-րդ անգամ մսավաճառների՝ կառավարության մոտ հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ  ՍԱՏՄ-ի հետ հանդիպում է եղել և քննարկման ժամանակ համաձայնության չեն եկել։ 
 
Ըստ նրա՝ ՍԱՏՄ-ի չէր ընդունել համայնքներում փոքր սպանդանոցներ կառուցելու համար գոնե 6 ամիս ժամանակի տրամադրման առաջարկը։