Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մսավաճառները պատրաստ են նույնիսկ ճանապարհ փակել․ նրանք կրկին կառավարության մոտ են (տեսանյութ)

Անասնապահները, մսավաճառները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։

Նրանցից մի քանիսն այժմ քննարկման են մասնակցում Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ։ Իսկ հետագա գործողությունների մասին կխոսեն քննարկման ավարտից հետո։ 

Հիշեցնենք, որ նրանք նաեւ երեկ էին բողոքի ակցիա իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Ցուցարարներից մեկն ասաց, որ կտրականապես դեմ են սպանդանոցներ տանելուն, կենդանիների մորթի կազմակերպումը պետք է շարունակվի նախկինի պես։

Սպանդանոց տանելու օրենսդրական պատճառը, ըստ անասնապահներից մեկի,  անասունների գլխաքանակի վրա հարկ սահմանելն է։
 
«Սկի հավ չեն կարա մորթեն», - ասաց ցուցարարներից մեկը։ Նշում են՝ միսը կարող է նույնիսկ թանկանալ այս պարագայում։ 
 
Ակցիայի մասնակիցները պատրաստ են նույնիսկ ճանապարհ փակել ՀՀ տարբեր մարզերում։ 
 
«Սպանդանոցում կենդանուն հոսանքով են սատկացնում, արյունը մնում ա մեջը, միսը սևանում ա։ Ո՞ր մի ղասաբը կառնի միսը, ո՞ր մեկը», - նշեց անասնապահներից մեկը։

Նշենք նաև, որ երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հանդիպում է եղել ՍԱՏՄ-ի և մոտ երեսուն սպանդանոցի ներկայացուցիչների միջև, քննարկում է եղել, և հուշագիր ստորագրվել։

Հուշագրի համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝

կենդանիների տերերից կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը՝ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս, սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,

խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,

մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,

խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:

 

Հանդիպման մասնակիցներից մեկը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայնության չեն եկել ՍԱՏՄ-ի պահանջների հետ։

Ըստ նրա՝ ՍԱՏՄ-ի չի ընդունել համայնքներում փոքր սպանդանոցներ կառուցելու համար գոնե 6 ամիս ժամանակի տրամադրման առաջարկը։ 
 
Երկուշաբթի կրկին հավաքվելու են։