Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134457
A A
Հասարակություն

Ընկերներ, գնացքը գնացել է, Հայաստանում հեղափոխություն է եղել․ Սարհատ Պետրոսյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի է ունենում աշխատանքային քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների, «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքների հետ առնչություն ունեցող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էր նաև Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ նախկինում ճարտարապետները և կոնստրուկտորները, որպեսզի նախագծմամբ զբաղվեն, դիմում էին Քաղաքաշինության կոմիտե և ստանում էին լիցենզիա։

«2009-ից մենք բարեփոխում նախաձեռնեցինք, որ իրենք էլ չեն դիմում Քաղաքաշինության կոմիտե, այլ գալիս են Ճարտարապետների պալատ, դառնում պալատի անդամ և դա իրենց իրավունքն է, որ իրենք որպես ճարտարապետներ հանդես գային, այդ բարեփոխումն արվեց։ Քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա ղեկավարությունը ՝ նախահեղափոխական իշխանությունը կողմ էր, որպեսզի դա լինի, այսինքն այդ լիազորությունն արդեն տրվել է ինքնակարգավորվող մարմնին՝ Ճարտարապետների պալատին։ Բայց էդ կարգավորումների մի մասը ամեն դեպքում մնացել է իրենց, օրինակ՝ արտոնագիրը, որը պետք է իրենց ղեկավարը ստորագրի կամ թեստավորման կարգը պետք է հաստատեն իրենք։ 2018-ի նոր ղեկավարությունը, Ավետիք Էլոյանը որ եկավ սկսեց ասել՝ չէ, այս լիազորությունը մենք չենք ուզում ձեզ տալ ու սկսվեց այս դիսկուրսը։ Իրենք հիմա ամեն պրոբլեմ սարքում են, որպեսզի մենք չկարողանանք արտոնագրումը պատշաճ իրականացնենք, որպեսզի լինի ընդհանուր դժգոհություն և արտոնագիր տալը հետ գնա իրենց մոտ»,- ներկայացնելով օրինագծերում կատարվող փոփոխություններն՝ ասաց պարոն Պետրոսյանը։

Խորհրդարանում քննարկումը բուռն անցավ Ճարտարապետների պալատի ներկայացուցիչների և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների միջև։

Սարհատ Պետրոսյանը նախ հայտարարեց, որ Ճարտարապետների պալատին արտոնագիր տալու իրավասության որոշումը միակ բարեփոխումն է եղել վերջին 3 տարիներին, ապա շարունակելով ելույթն՝ ասաց, որ 2018թ․ հեղափոխությունից հետո հետո այս ոլորտում որևէ բարեփոխում չի եղել։

«Ընկերներ, գնացքը գնացել է, Հայաստանում հեղափոխություն է եղել, Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ այն բոլոր լիազորությունները, որոնք պետությունը կարող է տալ ինքնակարգավորման, մենք տալու ենք ինքնակարգավորմանը և Քաղաքաշինության կոմիտեի նախկին 2 ղեկավարների ժամանակ մտածված կերպով ամեն ինչ արվել է, որպեսզի այս լիազորությունները չտրվի Ճարտարապետների պալատին, ինչո՞ւ, որովհետև հենց որ այդ գործառույթը մնում է Քաղաքաշինության կոմիտեին, ապա մենք՝ ճարտարապետներս վիզներս ծռած պետք է գնանք ինչ-որ չինովնիկի մոտ, որ ինքը լիցենզիա տա, կամ չտա»,- նշեց Սարհատ Պետրոսյանը։