Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0640
A A
Հասարակություն

Տաքսու վարորդը դիմում է կառավարությանը (տեսանյութ)

Տաքսու վարորդ Արմեն Հակոբյանն այսօր  կառավարության շենքի մոտ էր։

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ 2018 թվականի փետրվարի 28-ին նամակ է ստացել այն ժամանակ դեռևս գործող Կապի և Տրանսպորտի նախարարությունից, որ չվճարված տուրքի 148 հազար դրամ պարտք ունի, որ պետք է 15 օրվա ընթացքում վճարի։ 

Ըստ Հակոբյանի՝ գնացել է նախարարություն և ասել, որ պարտքն այդքան չէ, և նախարարությունից իրեն ասել են, որ մեկ շաբաթվա ընթացքում կուղարկեն վճարվելիք գումարի իրական չափը։ «Ես էլ չեմ հրաժարվել դրանից, ու մինչև  2020 թվականի հունվարի 9-ն ինձ նամակ չի եկել։ Իսկ հունվարի 9-ին նամակ է եկել, որ «համաներում է կատարվել, զանգեք էսինչ համարներով»»,- շարունակեց նա։

Տաքսու վարորդը նշեց, որ զանգահարել է նշված համարով, և իրեն տեղեկացրել են, որ 113 հազար դրամ պարտք ունի, որից 88 հազար դրամը պետտուրքն է, 11 հազարը տաքսու վարորդի լիցենզիայի վճարն է, 25 հազարը հաշված տոկոսներն են, բայց տոկոսները խոստացել են համաներել։ Վարորդին, սակայն տեղեկացվել է, որ պարտքը պետք է հունվարի 13-ին վճարի։ 

Արմեն Հակոբյանը հարցադրում արեց նախարարությանը, թե ինչու երկո՞ւ տարվա ընթացքում ինքը չի տեղեկացվել վճարվելիք գումարի մասին․ «Դու ո՞նց ես աշխատում․ երկու տարի չաշխատելով, իմ տված հարկերով, որ գազ են լցնում, կտրոնը վերցնում եմ, առևտուր եմ անում՝ կտրոնը վերցնում եմ, էդ փողերով դու աշխատավարձ ես ստանում։ Հիմա էլ ես պահանջում եմ Պապիկյանից, թող երկու տարվա աշխատավարձը՝ մինչև 2020-ի հունվարի 9-ը (հունվարի 9-ից հետո է  փաստացի աշխատել, նամակը ուղարկել) բերի պետբյուջե վճարի։ Եթե իր աշխատավարձը մինչև հունվարի 9-ը ընկած ժամանակահատվածը վճարի հետ, ես 88 հազար դրամը կվճարեմ։ Եթե չէ, ես էրկու տարվա մեջ նոր կվճարեմ իմ 88 հազար դրամը, 25 հազար դրամը ես չեմ վճարելու»։

Հակոբյանն ասաց, որ եթե իրեն շուտ զգուշացրած լինեին՝ 6 ամսվա ընթացքում մուծած կլիներ։ «Բայց իրենք սպասում են ամսի 9-ին՝ «ամսի 11-ին պիտի վճարես, չվճարիր, չեկը ցույց չտվիր, ուրեմն համաներման տակ չկաս դու»։ Խի՞ չեն ինձի նամակ ուղարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ պատրաստ է դիմել նաև դատարան։