Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Կալանքից ազատվելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։

«Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ տեղափոխվել էր հունիսի 7-ին՝ նաև մեր հայտարարությունից հետո: Ընդ որում, իմ հայտարարությանը հաջորդել էր Եվրոպական դատարանի նույն հիմքերով գնահատականը, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն պատշաճ բուժումը կազմակերպելու համար»,-ընդգծեց Արման Թաթոյանը՝ հավելով , որ  հունիսից հետո, ինչպես մյուս կալանավորված անձանց պարագայում, մշտապես այցելել են Մանվել Գրիգորյանին, նրա առողջական վիճակն ուշադրության կենտրոնում են պահել, փաստաբանների հետ եղել են մշտական կապի մեջ․

«Պարզապես վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել էր: Ես երկու իրար հաջորդող օրերի ընթացքում արեցի հայտարարություններ, որ առողջական վիճակը կայուն ծանր է: Մենք այդ հետևությանը եկանք մեր բժշկի՝ Մանվել Գրիգորյանին բուժման ուսումնասիրությունների հիման վրա, փաստաբանների հետ զրույցից ու փաստաթղթերը ստուգելուց հետո»: 

Թաթոյանը տեղեկացրեց, որ իրենց դիտարկմամբ՝ կալանքից ազատվելու օրը Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել։

Թաթոյանն ընդգծեց նաև, որ փաստաբանների բողոքի հիման վրա՝ շարունակելու են հետևել գործընթացին․

«Նախաքննության ժամանակ ես մի քանի անգամ եմ  միջնորդել, որ խափանման միջոցի փոփոխության հարց քննարկվի՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց դա մերժվել է»։

Թաթոյանն ընդգծեց նաև, որ ազատությունից զրկման վայրերի հետ կապված խնդիրները բազմաթիվ են, դրական տեղաշարժեր կան, բայց համակարգային բնույթի խնդիրները բավականին շատ են․

«Այդ համակարգերը բաժանում են մի քանի մասի խնդիրները։ Ոստիկանության համակարգին վերաբերող խնդիրներ, այսինքն՝ ազատությունից զրկված մարդը, երբ տեղափոխվում է ոստիկանության բաժին,  ի՞նչ իրավունքներ ունի և այլն, հոգեբուժարաններում անձի իրավունքների պաշտպանությանը, ՔԿ-ներում, դատարանների խցերում, որովհետև երբ կալանավորված անձը  տեղափոխվում է դատարան, նույնպես բազմաթիվ խնդիրներ են առաջանում այդ ընթացքում, նաև տեղափոխվելու ճանապարհին, սկսած անգամ այն մեքենաները, որոնցով մարդը տեղափոխվում է ազատազրկման վայր, որովհետև ոստիկանության մեքենան նույնպես իրավական առումով համարվում է ազատությունից զրկման վայր։ Խնդիրներ կան սկսած սոցիալ-հոգեբանական աշխատանքներից, բժշկական հարցեր, վերաբերմունքից և այլն»։ Սակայն, ըստ Թաթոյանի, համար մեկ խնդիրը՝  ՔԿ-ների հետ կապված շարունակում է մնալ բժշկական օգնության և սպասարկման հարցը։

 Թաթոյանի խոսքով՝ ոստիկանության համակարգի հետ կապված կարևորագույն խնդիր է մարդուն բերման ենթարկելու պրոցեսում իրավունքների ապահովման հարցը, հոգեբուժարաններում լրջագույն խնդիր է հոժարակամ-հարկադիր բուժումների  հետ կապված հարցերը, երբ մարդիկ ապօրինի հայտնվում են հոգեբուժարաններում, առանց նույնիսկ համաձայնություն ձևական ստանալու շարունակվում են ապօրինի հարկադիր բուժումը։

Թաթոյանն անդրադարձավ նաև ՔՀԿ-ներում մահվան դեպքերին։ Նշեց, որ իրենց դիտարակմամբ՝ մահվան դեպքերը՝ կլինի ինքնասպանություն, կլինի հիվանդության հետևանքով, պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, իսկ հարցը սահմանափակվում է անհատական դեպքերը քննելով և վերջ․

« Մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվեր, պատճառները վերլուծվեն, դրան նպաստող պայմանները վեր հանվեն, համակարգային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն, սա է կարևորագույն խնդիրը, իսկ մեզ մոտ ամեն ինչ ընթանում է անհատական մակարդակում, դրա համար կանխարգելման միջոցառումները շարունակում են մնալ ոչ բավարար մակարդակի»,- ասաց նա։