Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով՝ սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է  գրավոր դիմելու օրվանից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը`  վավերացված ապոստիլով:

 

Անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցկացվել է խորհրդակցություն սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ: «Սոցիալական աջակցության գործող համակարգը մարդկանց, այսպես ասած, տնտեսական ակտիվության չի խրախուսում, չի դրդում: Երեկ մենք քննարկում ունեցանք և կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք»,- ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ դեռ պետք է շարունակվեն համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքները, որին, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պետք է ներգրավվեն այլ գերատեսչություններ նույնպես: 

 

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն: Այսինքն՝ իրենք ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն այդ մարդիկ իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ: Իսկ աշխատունակ մարդկանց մենք պետք է  կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ  սա է հայեցակարգային մոտեցումը: 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջարկվող համակարգը նախնական է, որը  դեռ պետք է քննարկվի: «Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, և առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան ընտանիքների կրթական կարիքները: Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ասենք՝ ամսական ձեզ այսքան վճար ենք վճարում, այլ շատ դեպքերում պետք է ճշգրտենք, թե այդ ընտանիքի զարգացման համար ինչ է անհրաժեշտ, որ հոգանք, աջակցենք նրանց, որպեսզի երեխաները կամ հենց թեկուզ մեծահասակները ստանան կրթություն, ստանան հմտություններ՝ մասնագիտական և այդպես շարունակ: Քանի որ դա շատ կարևոր թեմա է, և մինչև հիմա, իհարկե, զուտ աշխատանքային մակարդակում են եղել քննարկումները, կարծում եմ՝ աշխատանքին զուգընթաց մենք պետք է նաև որոշակի հանրային քննարկումներ սկսենք այս ուղղությամբ: Դա պետք է արվի, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի, որովհետև շատ դեպքերում, երբ մենք աշխատանքային մակարդակում քննարկում ենք և վերջնական ինչ-որ տարբերակ ենք մատուցում, քանի որ մտքի աշխատանքի այդ ողջ ճանապարհը զուգահեռ չի երևացել, ընկալումը միշտ չէ, որ բավարար արագությամբ է գալիս: Այնպես որ, պետք է նաև այս խնդրի մասին մտածել»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

Կդյուրացվի տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը

 

Գործադիրը հավանություն է տվել 2013 թ. հունիսի 27-ին ընդունված ««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրն վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնց նպատակն է  ապահովել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Փաստաթղթով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններն այն ձևաչափով, որով նման խնդիրներ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:  Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սահմանված դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը: 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է պայմանագրին միանալու կարևորությունը և նշել, որ այն ևս մեկ շատ կարևոր քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց ներգրավվածությունը  սոցիալական և մշակութային կյանքին ապահովելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ աշխարհում տեսողական խնդիր ունի ավելի քան 285 մլն մարդ, Հայաստանում նրանց թիվը 16 հազար է:  



Կանցկացվի միջազգային աուդիտ՝ հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին  պարզելու նպատակով

 

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության  և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2015 թ.-ին հիմնադրված «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության նպատակն է Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: 2016 թ. փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։

 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հետևողական քաղաքականությունն է ունենալ շատ կոնկրետ պատասխաններ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված:

 

«Ընդհանրապես, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային: Հեռուստատեսային շուկայում մենք, ըստ էության, այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը: Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 2 կառույց: Այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում գովազդային, հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է, այսպես ասած, հեռուստաընկերությունների վարկանիշերը և այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշերի: Այսինքն, ըստ էության, ավտոմատացված մեխանիզմ է, և հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ: Պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձնաց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո, և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»,-ասել է վարչապետը: 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում թափանցիկության առումով կատարել է ահռելի քայլեր: «Միջազգային հանրություն այսօր արդեն սա շատ հստակ գնահատում է: Հետևաբար մենք պետք է կատարենք նաև հաջորդ քայլը. մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»: Անկեղծ ասած, մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների և մետաստազների: Հետագայում, կարծում եմ՝ մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է: Եվ երկրորդը՝ այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության և ժողովրդի դեմ տարվում է, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում է, որպեսզի մենք անընդհատ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք: Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա: Հեռուստատեսություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ արդեն վիճակագրություն ունեմ, պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս և բացատրում է մեր հանրությանը, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»: Նպատակի առումով կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-ասել է գործադիրի ղեկավարը: 

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ի պատասխան վարչապետի հարցին,  նշել է, որ պատրաստվում են ներդնել իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ:

 

Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը

 

Գործադիրը փոփոխություն է կատարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ:  2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում: 

 

Այլ որոշումներ

 

Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող 112.0 հա ընդհանուր մակերեսով 28 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերն տրամադրել համայնքի բնակիչներին՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով:  Հիմնավորման համաձայն՝ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել: Հողամասերը տրամադրվել են պտղատու այգիներ հիմնելու նպատակով, որը որպես պարտադիր պայման կամրագրվի վարձակալության տրամադրման պայմանագրում: Արդյունքում՝ համայնքի հողերը կօգտագործվեն  արդյունավետ, ինչը կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: