Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134395
A A
Հասարակություն

Ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Կարծում եմ՝ դա ոչ միայն սխալ, այլ նաև վտանգավոր կարծիք է, որովհետև իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում  լինեն բաց»,- անդրադառնալով ֆեյքերի շուրջ քննարկումներին, դրանց դեմ պայքարի վերաբերյալ դիտարկումներին՝ նման տեսակետ հայտնեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ելնելով տեղեկատվության ազատության մասին օրենքից, օրինակ,  ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդն իրավունք ունի կիսվել իր տեսակետներով՝ միաժամանակ չհայտնելով իր ով լինելու մասին․

«Մենք ունենք արդեն ընդունված ազդարարի ինստիտուտ, որը ենթադրում է, որ մարդ կարող է իր ինքնությունը թաքցնելով՝ ինչ-որ բացահայտումներ անել, և պետությունը խրախուսում է»։

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝  մենք փորձում ենք իրավական ու բարոյախրատական գնահատականները խառնել։ Անդրադառնալով Դիանա Հարությունյան կեղծ օգտատիրոջ դեպքին՝ Մարտիրոսյանն ասում է․

«Փաստացի մեղադրանքներ են հնչում հոդվածներով, որոնք կային Ստալինի ժամանակ, օրինակ՝ ազգի դավաճան և այլն։ Ինչ-որ բաներ կան, որոնք դատարպարտելի են, բայց պատժելի չեն։ Եթե մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել մի բան, խնդիրն այդ ինչ-որ մի բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ։ Մենք պետք է սխալների ուղղում անենք»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է ֆեյքերի բացահայտման գործընթացին, Մարտիրոսյանն ասում է՝ այդ գործընթացը գնալով արագանում է, գուցե դրա  հնարավորությունները կան,  բայց ֆեյք բացահայտելով՝ խնդիրը չի լուծվում, քանի որ նույն ապատեղակատվությունը կարող է տեղադրվել հայաստանյան ֆեյսբուքում Բաքվից․

«Նույն Դիանա Հարությունյան անուն-ազգանունը նորից  գրանցեն, ինչ ուզեն, գրեն իր անունից: Ընդհանրապես, զարմացա, որ Հայաստանից էր այդ  ֆեյքը, շատ տիպիկ ադրբեջանական  ձեռագիր էր, ընդունված ձև է՝ վերցնում, գրանցվում են կամ մի հայաստանցու պրոֆիլ կոտրում են, սա մեծ հնարքներ չի պահանջում»,- ընդգծում է Մարտիրոսյանը։

Նրա  խոսքով՝ ֆեյք նորությունները տոտալ խնդիր են ամբողջ աշխարհի համար, բայց դրանց դեմ պայքարում են ավանդական լրատվամիջոցների և պետության հանրային կապերի կայացած ռազմավարության օգնությամբ։

Մարտիրոսյանը նշում է, որ, իհարկե,  քաղաքական տեսանկյունից բարդ իրավիճակ էր Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված, բայց ֆեյքը  լուրը  տարածվեց, որովհետև չկար հստակություն՝ Հայաստանի պետական դիրքորոշումից ելնելով.

«Երբ դու դիրքորոշում չես հայտնում կամ օպերատիվ տվյալ չես տալիս, դատարակ տեղ է առաջանում, մարդիկ էլ ցանկություն ունեն իմանալու, առաջանում է վաակումի էֆեկտ, և ինչ էլ գցես, հասարակությունը քաշում է»: 

Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակությունը պետք է ճիշտ սպառի նորությունը, լրատվամիջոցներն էլ պիտի հետևեն իրենց հրապարակումներին և չլեգիտիմացնեն չստուգված տեղեկատվությունը։

«Կարծում եմ՝ ֆեյքերի դեմ պայքարել ընդհանրապես պետք չէ։ Պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, կրթել հանրությանը և լրատվամիջոցների համար ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի առաջինը լրագրողների կրթության որակը ավելի բարձր լինի, տրամադրել նրանց նաև ավելի օպերատիվ տեղեկատվություն։ Ֆեյքերի, այլ ոչ թե պատճառների դեմ պայքարելով՝ դու քո ռեսուրսներն ուղղում ես սխալ ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։