Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-8QBaxaV5zy (1)
A A
Հասարակություն

Կանեփազգի հեմփի բերքը դեռևս առգրավված է․ ընկերությունը պատրաստ է դիմել դատարան

«Արմերիկա» ընկերությունը 2019 թվականին ընկերությունը ցանել, հավաքել, զմռսել և հետո պահեստավորել էր հեմփ տեսակի կանեփազգի մշակաբույսը, որից հետո, սակայն, Հայաստանի իրավապահ մարմինները Քննչական կոմիտեի որոշմամբ առգրավել էին բերքը։ Հարուցվել էր քրեական գործ։

Այս առնչությամբ Հուլիսի 21-ին  «Արմերիկա» սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադիր տնօրեն, գործարար Ռուբեն Մկրտչյանը, ընկերության իրավաբան Արմեն Ումրշատյանը, ընկերության ֆինանսական և գյուղատնտեսական բաժնի պատասխանատու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Ղազարյանը հանդես էին եկել մամուլի ասուլիսով։ 

«Ա1+»-ը Արմեն Ումրշատյանին հետաքրքրվեց, թե արդյոք ի վերջո թույլատրվե՞լ է բերքը դուրս բերել առգրավումից և շարունակել մշակումը։ Իրավաբանն ասաց, որ բերքից 30 անուն բույս է փորձաքննության ենթարկվել, և արդեն իսկ պարզ է դարձել, որ բերքի մեջ գերակշռում է 0,11-0,21, 0,22 տոկոս տետրահիդրոկաննաբինոլի պարունակությունը, ինչն արդեն իսկ բացառում է հեմփի՝ թմրամիջոց լինելու հանգամանքը, իսկ թույլատրելի ստանդարտը սահմանված է մինչև 0,4 տոկոսը, որից բարձր արդեն իսկ բույսը կհամարվեր թմրամիջոց։ 

«Մեր ներկրած սերմը, բույսն իր մեջ առավելագույնը պարունակում է 0,22 տոկոս և չի կարող թմրամիջոց լինել։ ՀՀ-ում ընդհանրապես արգելված է կանեփի ցանկացած տեսակ, սակայն դա հիմնականում վերաբերում է մարիխուանային։ Իսկ Հայաստանը 1993 թվականին միացել է Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիային և կոնվենցիային միացած պետություններն արդեն իսկ ընդունել են 0,4 տոկոս թույլատրելիությունը»,- ընդգծեց նա։

Իրավաբանն ասաց, որ ընկերությունը պատրաստ է ավելի ցածր տոկոսայնություն ունեցող սերմ կամ բույս ներկրել։ Ընկերությունը պատրաստ է նաև հեմփի ստանդարտները, նմուշները (դա իրենից ներկայացնում է նյութը, որն օգտագործվում է փորձաքննության համար) ներկրել և նվիրել ՀՀ կառավարությանը։

«Դա պետության սեփականությունը կարող է լինել։ Այսինքն՝ հիմա ցանկացած նյութ, որ Հայաստան է բերվում, օրինակ՝ քսուք, որ Հայաստանի լաբորատորիաները չեն կարող ստուգել, որովհետև չունեն համապատասխան կոդերը։ Ստանդարտը նյութի մաքուր, իդեալական նմուշն է, որ հիման վրա փորձաքննություն է իրականացվում։ Հեմփի մի սրվակն արժե ավելի քան 150 հազար դոլար»,- նշեց Արմեն Ումրշատյանը։

Նա ասաց, որ բերքը դեռևս պահեստներում առգրավված է իրավապահ մարմինների կողմից, ժամանակ առ ժամանակ ընկերությանը թույլատրվում է մտնել պահեստներ և բերքի համապատասխան մշակումների ենթարկել, որպեսզի այն չփչանա։ Նրա խոսքերով՝ երբ արդեն ունեն փորձագետի եզրակացությունը, և եթե իշխանությունները թույլ տան ստանդարտներն էլ բերել, ընկերությունը կանցնի ակտիվ գործունեության, իսկ թույլտվության պարագայում քրեական գործը մեխանիկորեն կկարճվի։ Իրավաբանի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարության նիստի ժամանակ անդրադարձ կկատարվի այս դեպքին։

Տեղեկություններն Ումրշատյանը ստացել է այն ժամանակ, երբ 2019-ին դեկտեմբերի ամսին հանդիպում են ունեցել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների հետ։

«Եթե իշխանությունները թույլ չտան, մենք ոչ միայն քրեական իրավունքով, այլև քաղաքացիական իրավունքով գնալու ենք վնասների հատուցման, պետության պաշտոնատար անձանց դեմ, նրանց գործողությունները վիճարկելու, և մենք նույնիսկ մտադրվել ենք բացասական ելքի դեպքում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Որովհետև մենք ճիշտ ենք և ՀՀ-ն պետք է զարգանա, ոչ թե տեղում դոփի»,- շեշտեց նա։

Հարցին, թե երբ քայլերի կդիմեն, եթե արձագանք չստանան, ընկերության իրավաբանն ասաց, որ եթե թույլատրվի 2020 թվականին սկսել գործունեությունը, ապա առնվազն փետրվար ամսի 1-ին շաբաթվա ընթացքում «Արմերիկա»-ն պետք է ներկրի սերմը։ 

«Դե պատկերացրեք՝ դա պետք է դառնա սածիլ․ 1,5 ամիս տևում է դա։ Եվ ապրիլից սկսվում է ցանքսը։ Եթե մենք փետրվարի 1-ին չունեցանք թույլտվություն, արդեն դա նշանակում է, որ մեխանիկորեն մենք էլ չենք կարողանա 2020 թվականին ցանքս իրականացնել։ Կսպասենք մինչև փետրվարի 1-ը և հետո արդեն կգնանք ինքնապաշտպանության։ Օրենքի ուժով կապացուցենք, որ սա թմրամիջոց չէ, քրեական գործը կկարճեն, կարճելուց հետո էլ արդեն նման նախադեպ ունենալով՝ կսկսենք արդեն օրինական գործունեություն։ Դե թող Ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն փորձեն մեզ արգելել»,- եզրափակեց իրավաբանը։

Նշենք, որ հեմփից ստացվող ՍիԲիԴի յուղն (CBD Hemp Oil) օգտագործվում է բժշկության մեջ։