Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կանեփի մասին ասուլիս
A A
Տնտեսություն

Կանեփազգի բույսի մշակումը շարունակելու համար ընկերությունը դիմում է կառավարությանը (տեսանյութ)

«Արմերիկա» սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանն այսօր խոսեց իր ընկերության կողմից հավաքված և իրավապահ մարմինների կողմից առգրավված «հեմփ» տեսակի կանեփազգի բույսի բերքից։

«Հենց բերքահավաքից հետո նորից խոչընդոտներ։ Երևույթը շատ տհաճ է։ Ստացվում է այնպես, որ մեզ թույլատրել են, մենք աճեցրել ենք։ Հարյուր հազարավոր դոլարներ ենք ծախսել, և հիմա բերքը առգրավված վիճակում է»,- նշեց նա։

Գործարարի փոխանցմամբ՝ կանեփի այս տեսակը որևէ կերպ չի կարող օգտագործվել մարիխուաննայի նման և այն արտադրողական բնույթ ունի։

Մկրտչյանն ասաց, որ իրավապահ մարմինները բերքից փորձանմուշ են փորձաքննության  ուղարկել և սպասում են պատասխանի։ Գործարարը հույս ունի, որ բերքը շատ վնաս չի ունենա, սակայն վնասներ կան և ըստ նրա՝ որևէ մեկը պետք է պատասխան տա այդ վնասների համար։

Ընկերության իրավաբան Արմեն Ումրշատյանն ասաց, որ հավաքված բերքի մասով հարուցված քրեական գործը հանձնվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային բաժին, որը, քննելով գործը, առգրավել է բերքը և ի պահ հանձնել համապատասխան հսկողություն իրականացնող կառույցի, բույսն ընդունվել է որպես իրեղեն ապացույց։ Իրավաբանն ասաց, որ գրավոր միջնորդություն է ներկայացրել քննչական մարմին, որպեսզի թույլատրվի բույսի խնամքն իրականացնել, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։

Ըստ Ումրշատյանի՝ այս տարվա օգոստոսի սկզբին հարուցված քրեական գործի վարույթի ընթացքում իրավապահ մարմինները թույլատրել էին բերքը հանել հողից և պահեստավորել։ «Հիմա մենք գալիս ենք հաջորդ փուլին, որովհետև այս պրոցեսն ինքնանպատակ չէ և ամբողջ պրոցեսի վերջնական արդյունքը բույսի մշակումն է և դրանից յուղի պատրաստումը։ Եվ ահա՝ այստեղ է գալիս համապատասխան որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Եվ մենք՝ ընկերությունը և սեփականատերը հորդորում ենք և խնդրում ենք, որպեսզի այդ վստահության մանդատի ուժը շարունակվի, մեզ հնարավորություն տրվի, որպեսզի բույսը մշակենք։ Այո, մշակումը պետք է իրականացվի բացառապես ոստիկանության հսկողության ներքո»,- ընդգծեց նա։

Փաստաբանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանեփի ցանկացած տեսակի ցանքսն ու մշակումն արգելված է, սակայն Հայաստանը միացել է Միավորված ազգերի կազմակերպության՝ Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիային։   

«13-ը հոկտեմբեր 1993 թվականի ուժի մեջ մտած կոնվենցիայի 28-րդ հոդվածն ուղղակիորեն առընչվում է կանեփի բույսի մշակմանը։ «Սույն կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում բացառապես արդյունաբերական մանրաթելի և սերմերի արտադրության և այգեգործական  նպատակներով կանեփ բույսի մշակման նկատմամբ»։ Այսինքն՝ պետք է փաստենք, որ ՀՀ կառավարությունն ի սկզբանե միացել է այս կոնվենցիային և սկզբանե այս կոնվենցիան վավերացնելով, 93 թվականին ուժի մեջ մտնելով, հստակ արդեն իսկ ՀՀ կառավարությունը սահմանել է մի քանի տեսակ բույսերի առկայությունը։ Եվ այդ մի քանի տեսակ բույսերի մեջ հստակ արձանագրված է «արտադրական կանեփ» հասկացությունը, այսինքն՝ հեմփը։ Ուղղակիորեն  ֆիքսվում է, որ սույն կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այս արդյունաբերական կանեփի նկատմամբ»,- մանրամասնեց նա։

Ընկերության ֆինանսական և գյուղատնտեսական բաժնի պատասխանատու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Ղազարյանն ասաց, որ կանեփի այս տեսակի մշակումը կարևոր ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար։ «Կանեփը դեռևս 1916 թվականին ԱՄՆ-ի կառավարության, գյուղնախարարության կողմից ճանաչվել է ամենաեկամտաբեր բույսը, իսկ 1938 թվականին ԱՄՆ-ում առաջին միլիարդ դոլար եկամուտը ստացվել է հենց կանեփից»,- շեշտեց տնտեսագետը։