Բացել լրահոսը Փակել լրահոսը
Yazidi.women
A A
Պաշտոնական

«Եզդի կանայք․ պետությունը պետք է ապահովի կրթություն ստանալու նրանց իրավունքը»

 

Եզդիներն իրանալեզու ժողովուրդ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Կրոնը կոչվում է Շարֆադին նրանք հավատում են միակ Աստծուն։ Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդներից են, որ ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և կրոնը, որը պահպանում են դարեր շարունակ:

 

Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով 35 հազար 850 եզդի է ապրում այստեղ։ Հայաստանը, որը տեղի եզդի համայնքի կողմից ընկալվում է որպես ամենաապահով վայրն աշխարհում, եզդիներին ճանաչել է որպես առանձին ազգություն: Եզդիները Հայաստանում ունեն դավանանքի ազատություն, տարբեր հարթակներում ներկայացուցչություն, ազգային ավանդույթներ վերջինը, սակայն, իր որոշ դրսևորումներով, միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունենում համայնքի ինքնաարտահայտման, զարգացման տեսանկյունից։

 

Այդ ավանդույթներից, օրինակ, վաղամուսնությունը մինչ այսօր էլ պահպանվում է աշխարհի շատ երկրների եզդի համայնքներում այդպես են ապրում նաև հայաստանաբնակ եզդիները։ 

 

2012 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի՝ կանանց և տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միևնույն տարիքը՝ 18 տարեկանը:

Այս օրենքի ընդունման դեմ արտահայտվեցին Հայաստանի եզդի համայնքի մի շարք գործիչներ«Եզդի աղջիկները չեն սովորում. մեկ-երկու աղջիկ են տարեկան ընդունվում համալսարան, որովհետև մեզ մոտ համալսարան նստած աղջիկները չեն ամուսնանում: Ո՞ր մի աղջիկն է համալսարան ավարտել և ամուսնացել: Այդպիսի խայտառակ բաներ կան, մեզ մոտ քենապահություն կա, ուրիշ բան է, էլի: Ասում է՝ աղջիկը գնացել է, սովորել է, շփվել է, ուրեմն աղջիկ չի, և այլն, և այլն: Դրա համար մեզ մոտ պիտի լինի 16 տարեկան: Էդպիսի բան ենք նախատեսել. մենք դա չենք կարող ընդունել, որովհետև էդ աղջիկները կդժբախտանան»,- հայտարարել էր իրեն աշխարհի եզդիների նախագահ համարող Ազիզ Թամոյանը:

 

Արդյունքում՝ աղջիկներին ամուսնացնելու նպատակով հանում են դպրոցից՝ զրկելով  լիարժեք կրթություն ստանալու իրավունքից: Նրանք դուրս են մնում կրթությունից, չեն ավարտում դպրոցը, չեն ստանում նվազագույն գիտելիքներ: Ընդամենը 5-6 տարի սովորելու ընթացքում էլ երեխաները հայերեն լեզվի հետ կապված խնդիրներ են ունենում չեն կարողանում հայերենով վարժ հաղորդակցվել, հետևաբար՝ չեն կարողանում յուրացնել նաև ուսումնական թեմաները։

 

Երեխաների կրթության իրավունքը խախտում են նախ և առաջ ծնողները՝ առաջնայնություն տալով կարծրատիպերին և հոգեբանորեն ազդելով երեխաների ընտրության, ազատ կամարտահայտման վրա։ Այս հարցում անելիք ունի պետությունը։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է հռչակված Հանրակրթության մասին օրենքով։ Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս օրենքը կա, բայց դրա կյանքի կոչվելու համար հետևողականություն ու շարունակական աշխատանք է պահանջվում։

 

Պետական մարմինները որևէ կերպ չեն կանխարգելում եզդի կանանց կրթության իրավունքի խախտման դեպքերը։ Դժվար կլինի գտնել որևէ դեպք, երբ իրավապահ մարմինները, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները նման որոշումներ կայացրած ծնողների հետ աշխատանքներ են անցկացրել, փորձել են հասկացնել, որ իրենք օրենք են խախտում են  և սահմանափակում են երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքը: Չեն կատարվում նաև բացատրողական աշխատանքներ այն մասին, որ այս ծնողներին պատասխանատվություն է սպառնում, և ըստ օրենքի նրանք կարող են պատժվել իրենց երեխաների իրավունքները խախտելու համար։

 

Չիրազեկելուց բացի, իրավապահները չեն իրականացնում նաև օրենքի պահանջը մինչ այժմ արձանագրված չէ և ոչ մի դեպք, երբ ծնողը պատասխանատվության ենթարկվի երեխայի պարտադիր ուսումն ընդհատելու համար։

 

«Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազին խնդրի կարգավորման իր տարբերակն ունի «Պետության դերն այս հարցում պետք է խիստ լինի` սահմանելով որոշակի պատժամիջոցներ։ Կամ ընդհակառը` աջակցություն ցուցաբերվի նրանց, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, այլ ոչ թե տուգանքներ կիրառեն։ Ուզում եմ ասել, որ հետամնացությունը որևէ ազգի համար նորմալ ավանդույթ չէ։ Նույնը վաղ ամուսնությունների պահով. 17 տարեկանից ցածր լինելու դեպքում դատարանի որոշում է պետք, սակայն շատ հաճախ ամուսնությունները լինում են, ու պետությունը որևէ բան չի ձեռնարկում»։

 

Համայնքում առկա խնդիրները լավագույնս արտացոլված են «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» զեկույցում այստեղ իրական պատմություններ են այն կանանց ու աղջիկների մասին, որոնք զրկված են եղել պարտադիր կրթությունից, ինչպես նաև գյուղերի վիճակագրական տվյալներ, թե 2003 թվականից մինչև 2015 թվականը ազգությամբ քանի եզդի աղջիկ է հաճախել դպրոց և քանիսն են ավարտել: Մինչ այդ զեկույցը համայնքում նմանատիպ նյութեր ներկայացված չեն եղել, որում ներառվեն նաև այն բոլոր հոգեբանական խնդիրները, որոնք ունենում են սեփական իրավունքներից զրկված կանայք ու աղջիկները:

 

Զեկույցի հեղինակները կանայք են նախաձեռնողներն այս կերպ փորձել են համայնքին ցույց տալ, որ եզդի կինը նույնպես կարող է ներգրավվել հասարակական կյանքում և լուծումներ տալ համայնքի խնդիրներին։ 

 

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

https://infogram.com/--1h7g6kg7dg5j4oy

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։