Հայաստանը պատրաստ չէ Հոկտեմբերի 27-ի գործի իրական բացահայտմանը․ Արման Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը պատրաստ չէ Հոկտեմբերի 27-ի գործի իրական բացահայտմանը
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ
- Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Ձեր կարծիքով ՍԴ անդամները կընդունե՞ն իշխանությունների այդ առաջարկությունը։ Կամ ի՞նչ է պետք անել, իշխանությունների ներկայացմամբ՝ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։
- Գրեթե վստահ եմ, որ ՍԴ անդամների մեծ մասը չի ընդունելու այդ առաջարկը, առնվազն չի ընդունելու այնքան անդամ, որը կհանգեցնի ՍԴ ներկայիս կազմի փոփոխությանը: Դեռևս այս նախագծի մշակման, ապա քննարկման ժամանակ հայտարարել եմ, որ սա խիստ հատվածական, խիստ վիճահարույց և ամենակարևորը՝ որևէ առարկայական արդյունքի չհանգեցնող օրինագիծ է: Մենք անընդահատ հայտարարում ենք, որ գործող ՍԴ-ի անդամների մեծ մասը մասնակից ու հանցակից է եղել նախորդ առնվազն մեկուկես տասնամյակներում կատարված ընտրական հանցագործությունների լեգիտիմացմանը: Դա ըստ էության նույնն է ինչ հանցակից լինել իշխանության զավթման գործում, ինչը ծանրագույն հանցագործություն է: Ստացվում է, որ մարդկանց, որոնք առնվան հանրային ընկալման մեջ կասկածվում են ծանրագույն հանցագործության մեջ, մենք առաջարկում ենք երաշխավորված բարձր աշխատավարձ ու սոցիալական արտոնություններ: Սա նշանակում է պետական բյուջեի, նույնն է թե հասարակության հաշվին հայաստանյան չափանիշներով գերբարձր վարձատրություն ապահովել անձանց, որոնց մեծ մասը նպաստել է, որպեսզի ընտրակեղծարարության միջոցով իշխանության մնան այն մարդիկ, ում մեր հասարակությունը միակամորեն մերժեց 2018թ․ հեղափոխության ընթացքում: Նման խոցելի փիլիսոփայություն ու տրամաբանություն ունեցող օրենքը չէր կարող և չի կարողանալու լուծել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է անել այդ ճգնաժամը հաղթահարելու համար, ապա ես վերջին մի քանի ամիսների իմ գործունեության մեծ մասը նվիրել եմ այդ խնդրին, հանդես եմ եկել նախաձեռնություններվ ու առաջակություններով, որոնց իմաստն այն է, որ գործող խորհրդարանը՝ որպես իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմին, պետք է հանդես գա ՍԴ-ի նախորդ երկու տասնամյակների իրավաքաղաքական գնահատականով, ինչը պետք է զուգորդվի ՍԴ գործող և ապագա անդամների նկատմամբ որոշակի լյուստրացիոն մեխանիզմների գործադրմամբ: Գործող իշխանությունը մինչև այս պահը չի ընդունում այդ գործիքազմը և հանդես է գալիս երաշխավորված տապալում ունեցող նախաձեռնություններով:
- Պարոն Բաբաջանյան, գնահատելով 2019 թվականը՝ ի՞նչ դրական քայլեր կառանձնացնեք իշխանությունների գործունեությունից։
- Չեմ ցանկանում առանձնացնել որևէ առանձին քայլ: Կարող եմ ասել միայն, որ անցող տարվա ընթացքում իշխանությունը հանդես է եկել բազմաթիվ դրական նախաձեռնություններով, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ապագայում: Ամենադրական արձանագրումներից մեկն այն է, որ Հայաստանում իրապես վերացել է համակարգային կոռուպցիա երևույթը, ինչը ավելի քան երկու տասնամյակ կազմաքանդել է մեր պետական ու հանրային կյանքը: Նաև դրա պատճառով անցնող տարվա ընթացքում արձանագրվել են մի շարք տնտեսական հաջողություններ՝ տարին ավարտվում է մակրոնտեսական բավական դրական ցուցանիշներով, երկար տարիների ընթացքում առաջին անգամ գերակատարվել է պետական բյուջեն, էականորեն ավելացել են հարկային մուտքերը, ինչը հնարավորություն է տվել իրականացնել մի շարք սոցիալական ծրագրեր, ավելացել է նվազագույն աշխատավարձը, կառուցվել են բազմաթիվ նոր ճանապարհներ: Հայաստանի տնտեսությունը կարծես սկսում է շնչել, հուսամ դա կշարունակվի նաև ապագայում:
- Իսկ ի՞նչ բացասական քայլեր կամ թերացումներ են կատարել իշխանությունները։
- Ձեռքբերումների հետ մեկտեղ բազմաթիվ են նաև թերացումները: Ամենակարևորներից մեկի մասին մենք արդեն խոսեցինք՝ իշխանությունն անցնող տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ լուծել երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը: Նույնը վերաբերում է նաև դատական համակարգին, որում արմատական բարեփոխումների մասին խոստումները անցող տարվա ընթացքում այդպես էլ խոստումներ մնացին: Իսկ սահմանադրական արդարադատությունը և դատական համակարգն իրենց բնույթով համակարգաստեղծ ոլորտներ են, և առանց դրանցում արմատական փոփոխությունների մենք չենք կարող խոսել այլ բնագավառների զարգացման մասին:
Իշխանությունների ամենախոցելի տեղը շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը: 2019թ․ մենք այդ ուղղությամբ շոշափելի հաջողություններ չենք արձանագրել: Բազամաթիվ ոլորտներում տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնյաները ուղղակի չգիտեն՝ ինչ և ինչպես անել: Լայն իմաստով մենք ունենք իշխանության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության խնդիր: Ու պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում է, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Դա անցնող տարվա ընթացքում իշխանությանը տրված ամենահամալիր գնահատականն է այն դեպքում, երբ իշխանությունն ինքը՝ Ն․Փաշինյանի գլխավորությամբ վաղուց պետք է լուծած լիներ այդ խնդիրը և պետական համակարգը համալրեր ոչ թե հեղափոխությանը դիմադրող, այլ հեղափոխության գաղափարները կրող ու առաջ տանող կադրերով: Կադրային քաղաքականությունն ըստ էության սինթեզող նշանակություն ունի պետական կառավարման համակարգի համար և վատ կադրային քաղաքականությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով բացասաբար է անդրադառնում պետական կառավարման համակարգի մնացած բոլոր գործառույթների վրա: Դա է իմ կարծիքով անցնող տարվա ամենամեծ բացթողումը:
- Ի՞նչ պետք է անեին, որ կարող էին այս մեկ տարվա ընթացքում անել, բայց չարեցին։
- Զարգացած աշխարհում, կառավարման մեջ ընդհանրապես կա ժամանակի կառավարման հասկացություն, և այդ հարցը մեծ հաշվով վերաբերում է դրան: Շատ քայլեր կարող էին կատարվել անցնող տարվա ընթացքում, որոնք չեն արվել: Իսկ դա նշանակում է, որ մենք կորցրել ենք ամենաթանկ ու անդառնալի ռեսուրսը՝ ժամանակը: Թավշյա հեղափոխությունը մեզ տվել է ավելի լավ, ավելի զարգացած, ավելի կայուն ու բարեկեցիկ երկիր կառուցելու պատմական հնարավորություն: Իսկ դա նշանակում է, որ վատ աշխատած ամեն մի օրը, այսօր չարված ամեն մի քայլը մսխում է այդ հնարվարարությունը, որը մենք գուցե այլևս չունենանք: Այդ իմաստով, 2019-ը պետք է համարել ինչպես բազմաթիվ ձեռբերումների, այնպես էլ կորսված հնարավորությունների տարի:
- Արտաքին քաղաքական դաշտում ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք։ Նաև՝ եղա՞ն բացթողումներ ու կորուստներ։
- Ես բազմիցս եմ ասել, որ հեղափոխությունը դեռևս չի հասել արտաքին քաղաքականություն: Բազմաթիվ հարցերում ու ուղղություններում այսօրվա Հայաստանը՝ շարունակում է վարել նույն արտաքին քաղաքականությունը, ինչը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած ավտորիտար Հայաստանի կողմից: Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունը առաջնայնություն համարող արտաքին քաղաքականությունը, ինչը սահմանափակում է աշխարհի հետ հարաբերվելու, նոր գործընկերներ գտնելու մեր հնարավորությունները: Իհարկե, եղել են նաև որոշակի դրական իրադարձություններ, բայց դրանք այդքան էլ պայմանավորված չեն եղել մեր վարած արտաքին քաղաքականությամբ: Դրանց թվում պետք է առանձնացնել ԱՄՆ ներկայացւցիչների պալատի ու Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը, որը պայմանավորված էր մեծ մասամբ թուրք-ամերիկյան հարաբերություներում առկա խնդիրներով, Հայաստանը այդ բանաձևերի ընդունման վրա որևէ ազդեցություն չի ունեցել: Դրական պետք է համարել նաև եվրոպական մի շարք երկրների կողմից ԵՄ հետ ստորագրված Համապարփակ գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը հույս է ներշնչում, որ հաջորդ տարի համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: Իսկ ամենամեծ ձեռքբերումը թերևս ղարաբաղաադրբեջանական սահմանին անցնող տարվա ընթացքում արձանագրված հարաբերական խաղաղությունն էր, թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջխաղացման բացակայությանը:
- Դուք հայտարարել եք, թե կուսակցություն եք ստեղծելու։ Այսքան շատ կուսակցությունների մեջ ինչո՞վ պետք է այն առանձնանա և ինչ նպատակներ է իր առաջ դնելու։
- Այո, ես հայտարարել եմ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, սակայն մինչ այդ, հանդես եմ եկել մեկ այլ նախաձեռնությամբ՝ միավորել հեղափոխության գաղափարին հավատարիմ, հեղափոխության անշրջելիությունն ընդունող, նախկին հանցավոր իշխանություններին մերժող անհատների, քաղաքական ու քաղաքացիական միավորներին: Այդ նախաձեռնության շրջանակներում մեր առաջին հավաքը շատ գոհացուցիչ էր։ Արդյունքում, ստեղծված համակարգող խորհուրդը առաջիկայում քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնելու կուսակցությունների ու քաղաքացիական միավորների հետ՝ առաջիկա անելիքները հստակեցնելու նպատակով: Ինչպես այս նախաձեռնությունը, այդպես էլ առանձին կուսակցության ստեղծումը մեկ նպատակ են հետապնդում՝ առաջ քաշել ապագային միտված օրակարգ, քաղաքական դիսկուրսը ներկայի ու անցյալի անպտուղ բանավեճից տեղափոխել ապագային ուղղված ծրագրերի քննարման հարթություն: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում օբյեկտիվրեն առաջացել է քաղաքական վակուում: Մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ նախկին իշխանություններն ու նրանց սպասարկող ուժերը: Սակայն այս երկու բևեռներից բացի հասարակության մեջ կա նաև մարդկանց ստվար զանգված, որը մերժելով նախկիններին, հավատարիմ լինելով հեղափոխությանը, միևնույն ժամանակ չի կիսում գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը կամ կատարվող առաձին քայլերը: Հասարակության հենց այդ շերտի շահերը սպասարկելուն պետք է ուղղված լինի ինչպես նոր կուսակցությունը, այնպես էլ իմ նշած նախաձեռնությունը:
Այսօր երկում առկա խնդրների թվում ամենահամակարգային պրոբլեմներից մեկը հակակշիռների ու փոխզիջումների համակարգի անկատարությունը կամ անգործությունն է, ինչն ըստ էության իշխանությանը դնում է վերահսկողությունից դուրս վիճակում: Մեր խնդիրը պետք է լինի այնպիսի միավորի կամ միավորների ստեղծումը, որոնք կկատարեն այդ՝ իշխանությանը վերահսկողի ու հակակշռողի գործառույթը, որը ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, դժբախտաբար չի կարողանում իրականացնել: Եթե մենք կարողանանք լուծել այդ խնդիրները, ապա կդառանք ոչ թե տասնյակ կուսակցություններից լոկ մեկը, այլ այն եզակին, որը կկարողանա լուրջ այլընտրանք ու հակաշիռ ձևավորելու հայտ ներկայացնել:
-Գլխավոր դատախազությունը բավարարել է Անահիտ Բախշանի՝ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի քննությունը վերսկսելու դիմումը։ Ձեր կարծիքով 20 տարի հետո հնարավոր կլինի՞ հասնել կազմակերպիչների բացահայտմանը, եթե այդպիսիք կան:
- Վստահ եմ, որ կազմակերպիչներ կան և երբևէ դրանք բացահայտվելու են: Այդ առումով Ա․Բախշյանի դիմումը բավարարելու՝ Գլխավոր Դատախազության քայլը մի կողմից ողջունելի է, մյուս կողմից՝ մտահոգիչ: Ողջունելի է, քանի որ այդպիսով պետությունը՝ ի դեմս դատախազության ընդունում է, որ այդ մասով գործը բավարար չափով չի քննվել, որ կան չպարզաբանված հարցեր, և որ նոր քննություն պետք է իրականացվի: Սակայն անմիջապես առաջ է գալիս հարցը՝ արդյոք Հայաստանն այսօր իր պետական համակարգով, հանրային դիմադրողականությամբ պատրաստ է Հոկտեմբերի 27-ի գործի իրական բացահայտմանը: Կարծում եմ, որ ոչ: Իրավապահ մարմինների, հատկապես դատական համակարգի ներկայիս պայմաններում Հոկտմբերի 27-ի գործը չի կարող պատշաճ կերպով քննվել ոչ նախաքննության, ոչ դատավարական փուլերում: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանից փախուստի դիմեց Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, վարչապետը հայտարարում է պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում հեղափոխությանը դիմադրելու իրոողության մասին: Այս պայմաններում անգամ վտանգավոր է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը: Իսկ ընդհանրապես դա ոչ միայն ուղղակի պետք է, այլ կենսական անհրաժեշտություն է Հայաստանի պետության ու պետականության առողջացման ու կայացման համար: Հուսամ դրան մենք ականատես կլինենք ոչ թե հեռավոր, այլ տեսանելի ապագայում: