Բացել լրահոսը Փակել լրահոսը
80555015_553834175472474_8101115271596474368_n
A A
Հասարակություն

Ստյոպա Սաֆարյանի նախագահությամբ ընթանում է Հանրային խորհրդի նիստը (տեսանյութ)

Մեկնարկել է Հանրային խորհրդի նիստը, որն առաջին անգամ անց է կացնում նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Վերջինս քննարկման սկզբում խոսեց առաջիկա փոփոխությունների և ծրագրերի մասին:

«Վարչապետի հետ ունեցել եմ զրույց և խնդրել եմ առաջիկայում հասկանալ իրականացվող գործողությունների ծրագիրը: Կառավարությանը խնդրանք է եղել Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարել: Ցանկանում եմ ուժեղացնել և հստակեցնել հանձնաժողովների դերը, քանի որ Հանրային խորհրդի սահմանադրական պարտականությունն է հանրային շահի ուսումնասիրումը»,- ասաց նա:

Հանրային խորհրդի նախագահն ափսոսանք հայտնեց խորհրդի մի շարք անդամների՝ ՀԽ-ից հեռանալու կապակցությամբ՝ նշելով, որ այս պահին երկու թափուր տեղի համար կառավարությունից մի քանի դիմումներ են ներկայացվել:

Ստյոպա Սաֆարյանը նաև անդրադարձավ Հանրային խորհրդի նստավայրի հստակեցմանը. «Վարչապետի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ հետագա մեր աշխատանքը իրականացնել կառավարության շենքում, որը դեռևս պետք է քննարկենք միասին: Հանրությունը պետք է իմանա Հանրային խորհրդի հասցեն: Դա ենթադրում է դահլիճների առկայություն»:

Խորհրդի անդամ Արշակ Սադոյանը չհամաձայնեց՝ նշելով, որ ճիշտ չէ Կառավարության շենքում իրականացնել աշխատանքներ.

«Չի կարելի թույլ տալ, որ Հանրային խորհուրդը աշխատի ռեժիմային հիմնարկի կարգով, դա Հանրային խորհրդի համար անթույլատրելի է»:

Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաև նիստերից բացակայությունների հարցին՝ նշելով, որ 2 բացակայության ընթացքում պետք է հեռացվեն Հանրային խորհրդից։ Սակայն Իոաննիսյանի առաջարկությունը խորհրդի անդամների կողմից չընդունվեց և բողոք առաջացրեց.

«Ինչպե՞ս պետք է իմանաք՝ ո՛ր բացակայությունն է ընդունելի, ո՛րը՝ չէ, բժշկի թո՞ւղթ եք ուզելու»,- նշեցին նրանք։