Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար
Աջակցիր «Ա1+»-ինԹվայնացումն ու թվային տրանսֆորմացիան Հայաստանի համար գերակայություն են՝ համարվելով տնտեսական զարգացման կարևոր խթան։ Թվայնացումը գերակա ուղղություն է նաև Հայաստանի կառավարության համար: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Եվրոպական միության հետ համատեղ արդեն իսկ ձևավորել է Հայաստանում ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ քայլերի ընդհանրական ծրագիր՝ մրցունակության բարձրացման ու ընկերությունների աճին նպաստելու նպատակով:
Եվրոպական հանձնաժողովի եվրոպական նորարարության խորհրդի փորձագետ Խեսուս Լոզանոն, ով հանդիսանում է նաև ՎԶԵԲ թվայնացման ծրագրի հիմնական փորձագետը վստահ է, որ թվայնացումը ՓՄՁ-ներին առավել մրցունակ է դարձնում, հզորացնում տնտեսությունը, նպաստում ընկերությունների աճին: «ՓՄՁ-ների համար թվայնացումը շատ կարևոր է, քանի որ ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում, և անգամ մեծ ընկերությունները ձախողում են առանց թվայնացման: Թվայնացումը կարևոր է նաև արժեք ստեղծելու տեսանկյունից. եթե որոշ ժամանակ առաջ նավթային ընկերություններն էին ներկայացնում ամենամեծ կապիտալը, այսօր այդպիսիք ՏՏ ընկերություններն են, տեխնոլոգիական բարձր զարգացում ունեցողները», նշում է Չուզը, ընդգծելով, որ մեր օրերում ոչ միայն արտադրությունն է թվայնացվում, այլև սպառումն է տեղափոխվել առցանց հարթակներ:
Ներկա պահին ընթացքի մեջ է ծրագրի առաջին փուլը՝ հայաստանյան ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի կարիքների ուսումնասիրությունը, թե որքանով են թվայնացման առումով հասուն ՓՄՁ-ները Հայաստանում:«Ուսումնասիրում ենք հասկանալու, թե որ գործընթացները ամենից շատ կարիք ունեն թվայնացվելու: Հայաստանում դեռ մեծ թիվ են կազմում ընկերությունները, որոնցում մարդկային ռեսուրսների կառավարումը դեռ թղթի վրա է իրականացվում, երբեմն էլ excel ծրագրով՝ հնարավոր սխալների մեծ հավանականությամբ», ասում է միջազգային փորձագետը:
Ավելի քան տասը ոլորտների ընկերություններում ուսումնասիրվում են հաճախորդների հետ հարաբերությունների թվայնացման կարիքները՝ հասկանալու, թե ինչպես մեծացնել վաճառքը, ձեռք բերել ավելի մեծ թվով հաճախորդներ: Այնուհետև կուսումնասիրվեն տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիայի կարիքները արդեն ըստ տնտեսության ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և տուրիզմի բնագավառներում, որոնք, փորձագետի կարծիքով, Հայաստանի համար մեծ կարևորություն ունեն:
Խեսուս Լոզանոյիմատուցմամբ, որևէ ընկերության ամբողջական թվայնացումը կարող է ծախսատար լինել, մինչդեռ որոշ ոլորտների թվայնացումը՝ էժան: «Միևնույն ժամանակ, պետք է տարբերակել թվային տրանսֆորմացիան թվայնացումից, նաև թվային մենթալիտետից, քանի որ, օրինակ, Հայաստանում երբ ձեռնարկատերը խնդիր ունի, ավելի շատ մարդ է վարձում փոխանակ մտածելու, թե որ տեխնոլոգիան կարող է օգտակար լինել»: Նոր աշխատող վերցնելը ավելի թանկ է, քան որևէ ծրագրով թվայնացումը:
Շատ դեպքերում տեղեկությունների առցանց պահպանումը, էլեկտրոնային առևտուրը,ըստ փորձագետի, բնավ թանկ չեն, հատկապես ՓՄՁ-ների դեպքում, երբ խոսքը ռոբոտացման մասին չէ: «ՓՄՁ-ների դեպքում կարելի է հստակ հաշվարկել, թե թվայնացման ծախսերը որքանով կարող են հատուցվել՝ շրջանառության ու եկամտի ավելացմամբ»:
ՓՄՁ-ների թվայնացման կարիքների գնահատումից հետո կուսումնասիրվեն նաև տեխնոլոգիական ընկերությունների կողմից թվայնային տրանսֆորմացիայի տարբեր գործընթացներ իրականացնելու հնարավորությունները:
ՎԶԵԲ խորհրդատվական թիմի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանի խոսքերով, թվայնացումը խնայում է ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ, սակայնՀայաստանում ՓՄՁ-ների համար մարտահրավեր է համընթաց մնալ տեխնոլոգիական փոփոխություններին: Ըստ Առաքելյանի, 2020թ.-ին ավարտին կհասցվի ՓՄՁ-ների կարիքների ուսումնասիրությունը, դրա արդյունքների հիման վրա կանցնացվեն դասընթացներ խորհրդատվական ընկերությունների համար, թե ինչպես ապահովել ՓՄՁ-ներում տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիան: «Այդուհետև կառաջարկվեն այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի խորհրդատվական ընկերությունների առաջարկների հիման վրա ունենալ թվայնացման ռազմավարություն և այն իրագործել արդեն լուծումներ առաջարկող ընկերությունների հետ»:
ՓՄՁ-ների զգալի մասն Հայաստանում դեռ չի կարևորում թվային դարաշրջանի առավելությունները՝ հետաքրքրություն չցուցաբերելով թվային տրանսֆորմացիայի հարցում: Պատճառները տարբեր են՝ ուղղակի «նոր» մոտեցումներից խուսափելուց մինչև բյուջեի բացակայություն: Մի կողմից, չկա բավարար գիտելիք թվային տրանսֆորմացիայի առնչությամբ, մյուս կողմից, բաց կա ՓՄՁ-ների և տեխնոլոգիական լուծումներ առաջարկողների/մատակարարողների միջև, մինչդեռ հայկական տեխնոլոգիական ու նորարարական ընկերություններ շատ կան:
«Թվայնացումը համահունչ է այն ամենին, ինչ ՎԶԵԲ-ը արդեն իսկ նախաձեռնել է ինչպես գլխամասում այնպես էլ Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ կարողությունների, մրցունակության մեծացման, բիզնեսը գլոբալ առումով ավելի մրցունակ դարձնելու նպատակով», վստահ է ՎԶԵԲ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, նախ ցույց կտրվի, թե ինչպես կարող է թվայնացումը օգնել ՓՄՁ-ներին, ապա խորհրդատվական ընկերությունների հետ աշխատանքով կհայտնաբերվեն թվային լուծումները: «Այդուհետև կփորձենք հասկանալ այն հնարավորությունները, որոնց առկայության դեպքում ԵՄ հետ միասին ՎԶԵԲ-ը կարող է այս ամենը հասանելի դարձնել ՓՄՁ-ներին՝ մեծացնելու իրենց բիզնեսը, դուրս գալու միջազգային մակարդակ»:
ՎԶԵԲ-ը փաստացի կաջակցի այս ծրագրի բոլոր փուլերում՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա համաֆինանսավորմամբ ապահովելով խորհրդատվական ընկերությունների հետ թվայնացման ռազմավարությունների մշակումը, ապա ի ցույց կդրվեն ֆինանսական այն աղբյուրները, որոնց օգնությամբ ՓՄՁ-ները կկարողանան իրականություն դարձնել թվայնացումը: