Բացել լրահոսը Փակել լրահոսը
79831632_2999609396718228_4408464486856392704_n
A A
Հասարակություն

Ներկայացված նախագիծը թույլ է․ Սարհատ Պետրոսյանը՝ Տպարանի շենքում մնջախաղի թատրոն կառուցելու մասին (տեսանյութ)

«Մենք հույս ունենք, որ թեկուզ այս մեկ շենքի քննարկման շուրջ կկարողանանք երկու բան անել, առաջինը՝ լայնացնել խոսակցությունը ընդհանրապես, թե Երևան քաղաքի ժառանգության հետ ինչպես ենք վարվելու, երկրորդը՝ ինչպիսի հանրային հաղորդակցության հարթակ կարելի է ստեղծել, որպեսզի դրանով էֆեկտիվ երկխոսություն ստեղծենք մեր նոր իշխանության հետ»,-այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության հեղինակ Իզաբելլա Սարգսյանը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ այս հարցերով ԿԳՄՍ նախարարության հետ երկխոսության մեջ են։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, անդրադառնալով Տպարանի շենքի շուրջ ստեղծված աղմուկին, նշեց, որ գործընթացները տեղի են ունենում հստակ օրենքի խախտումներով։ Պետրոսյանի խոսքով՝ այս շենքում շինարարությունը պետք է դադարեցվի․

«21-րդ դարում, երբ թատրոնի շենք ենք կառուցում, հարց է ծագում՝  արդյոք այն պե՞տք է ծվարած լինի Հայպետհրատի 3-րդ հարկում, թե ինքը պետք է լինի 21-րդ դարին արժանի էքպերիմենտալ մնջախաղի թատրոն: Մենք գործ ունենք մի պատմական միջավայրի հետ, որը պետության կողմից է պահպանվում և այսօր իր մեջ պարունակում է Երևանի պատմական շերտեր»:

Պետրոսյանի խոսքերով՝ այն, ինչ պետք է կառուցվի այդտեղ, պետք է լինի 21-րդ դարին համապատասխան, չպետք է մնջախաղի  թատրոնը խցկենք այդ շենքի մեջ։

Պետրոսյանը վստահեցնում է, որ ունեն և՛ ավագանու, և՛ նախարարության ներկայացուցիչների համաձայնությունը, որ ներկայացված նախագիծը թույլ է, և պետք է փոխվի․

«Կարծում եմ՝ տեքստի շուրջ համաձայնության կգանք, կլինի բաց ճարտարապետական մրցույթ, կգտնենք լավագույն լուծումը, որտեղ մենք կարող ենք ունենալ ժամանակակից մշակութային թատրոն»։

Պետրոսյանը նաև ընդգծեց, որ կետային խնդիրները ուզում են պրոյեկտել ավելի լայն խնդիրների մեջ, պետք է լինի ամբողջական, համալիր մոտեցում։

«Տպարանից անցումը դեպի մնջախաղի թատրոն պետք է լինի՝ ա․օրենքի շրջանակում, բ․ պետք է բխի հուշարձանի շահից, և գ․ պետք է լինի հնարավորինս բաց և հասկանալի։ Այս երեք պայմանների առկայության դեպքում մենք կարող ենք գտնել լավագույն լուծումը»։

Պետրոսյանը փոփոխությանը դեմ չէ նշված երեք նախապայմանի պարագայում։

Իզաբելլա Սարգսյանն էլ ընդգծեց, որ նախարարության պատրաստակամությունը՝ խոսելու քննարկելու և լավ նախագիծ ունենալու վերաբերյալ իր համար նոր է եղել։

«Այս պահի դրությամբ կա որոշակի թափանցիկություն, նոր նախագիծ հայտարարելու ուղղությամբ գնալու»։

Ըստ Իզաբելա Պետրոսյանի՝ պարզել են, որ այս շենքը ունի բազմաթիվ համասեփականատերեր, բացի այդ՝ երրորդ հարկի հատվածից, որը պետական է, մնացած ամեն ինչը սեփականաշնորհված է․

«Կարևոր է հասկանալ՝ պատմական հուշարձանները ինչպես են սեփականաշնորհվել , այն մարդիկ, ովքեր սեփականաշնորհել են, ինչ փոփոխություններ են իրականացրել։ Մենք կենտրոնացել ենք այդ 3-րդ հարկի մասի վրա, այնինչ ամբողջ հուշարձանը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, որը որ շատ էական է: Գուցե դա՞ է սկիզբ  հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մնացած հուշարձանների հետ, և նոր իշխանությունը ինչպես է դրան վերաբերելու»։

Սարգսյանի խոսքերով՝ ինչ որոշում էլ լինի, պետք է լավ քննարկվի  հանրության և մասնագիտական շրջանակի հետ:

«Ա1+»-ի հարցին, թե ինչ նկատի ուներ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը , երբ նշում էր, որ  եթե Մնջախաղի թատրոնի շուրջ աղմուկը շարունակվի, իրենց իրավունք կվերապահեն նախկինների աշխատանքին գնահատական տալ, Սարհատ Պետրոսյանն արձագանքեց․

«Ես չեմ կարող մեկանաբել՝ ինչ կոնտեքստում է պարոն խզմալյանը արտահայտել այդ միտքը, բայց դրանից հետո տեղի ունեցած դիալոգի շրջանակում, կարծում եմ, հիմա արդեն նա չի անի այդ արտահայտությունը, և մենք ունենք փոխվստահելի մթնոլորտ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը դեկտեմբերի 12-ին ազդարարեցին Գևորգ Քոչար 21 հասցեում թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մասին, որին հաջորդեց շինարարությունը կասեցնելու պահանջով ստորագրահավաք։

Համացանցում  «Փրկենք տպարանի շենքը» ակտիվիստների խումբը պահանջում է դադարեցնել Գրապալատի պատմական շենքում շինարարական աշխատանքները, քանի որ ապագա շինության էսքիզը, ըստ որի՝ պետք է մոտ մեկ մետրով բարձրանա, ակտիվիստների կարծիքով կխաթարի հուշարձան-շենքի տեսքը։