Որտե՞ղ են հայաստանցիները նախընտրում հանգստանալ Ամանորին
Աջակցիր «Ա1+»-ինՆարինե Հարությունյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է Ամանորը դիմավորել Եգիպտոսում։ Ամանորը Հայաստանի դուրս առաջին անգամ են տոնելու։ Ասում է՝ նման որոշում են կայացրել, քանի որ այս տարի ցանկանում էին տոներն ավելի հետաքրքիր անցկացրել։ Իսկ Եգիպտոսն ընտրել են, քանի որ համեմատաբար մատչելի է, տաք է, նոր երկիր կտեսնեն։ Իսկ ահա Հայաստանի հանգստյան տներում, կնոջ խոսքով, Ամանորը նշելը բավական թանկ է՝ նույն գնով կարելի է մեկնել այլ երկիր։
«Ա1+»-ը հետաքրքրվեց, թե որտեղ են պատրաստվում դիմավորել Ամանորը մեր քաղաքացիները։
«Ավատուր» ընկերության արտագնա տուրմենեջեր Սյուզաննա Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պահանջված հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը։
«Հայաստանից դուրս որպես մատչելի տարբերակ քաղաքացիները նախընտրում են Թբիլիսի (Վրաստան) ամենաշատը, Շարմ Էլ Շեյխ (Եգիպտոս), իսկ Եգիպտոսից հետո գալիս է Դուբայը (Միացյալ Արաբական Էմիրություններ)։ Եվրոպայից՝ Հռոմ (Իտալիա), Բարսելոնա (Իսպանիա), Մարսել (Ֆրանսիա)»,- նշեց տուրմենեջերը։
Հարցին, թե քաղաքացիների համար Հայաստանում հանգստանալու պայմաննե՞րն են ավելի մատչելի, թե՞ այլ երկրներ գնալը, նա պատասխանեց, որ այլ երկրներ գնալն ավելի մատչելի է։
«ԲիՍեյֆ թրավել» ընկերության տնօրեն Անի Ստեփանյանն ասաց, որ Հայաստանի տարածքում մեր քաղաքացիները նախընտրում են հանգստանալ Դիլիջանում, Ծաղկաձորում, Վանաձորում, Աղվերանում, Հանքավանում, Գորիսում։
Հայաստանից դուրս, ըստ տնօրենի, նախընտրելի ուղղություններն են Թբիլիսին, Բակուրիանին, Բորժոմին (Վրաստան)։
«Շարմ Էլ Շեյխ, Դուբայ»։ Իսկ Կահիրե՞․ «Երբ որ գնում են Եգիպտոս, Կահիրե, Քեոփսի բուրգեր գնալու համար տեղում տուր են վերցնում։ Հիմնականում գնում են ծովափնյա հանգստի, 7-օրյա արձակուրդ են վերցնում, գնում են ծովային հանգստի»։
Նա ասաց, որ այս սեզոնին հիմնականում եվրոպական երկրներ չեն գնում։ Իսկ Էկզոտի՞կ երկրներ․ «Էկզոտիկ երկրներից՝ Շրի Լանկա, Բալի (Ինդոնեզիա) կարող եմ նշել»։
Նրա խոսքերով՝ դեպի Արցախ այս ժամանակահատվածում չեն գնում, քանի որ նախընտրում են տաք երկրները։