Հայկական որևէ ավիաընկերություն այսօր սև ցուցակում ընդգրկված չէ․ Տաթեւիկ Ռեւազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տարբեր օրենքներ մեզ սահմանափակում են որպես պետական մարմին գանձել գումարներ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Նա նշեց, որ Քաղավիացիան պետք է դառնա ինքնաֆինասավորվող։
Ռևազյանի խոսքերով՝ 2020 թվականի թիվ մեկ խնդիրը այն է, որ օրենսդրական փոփոխություններով պետք է հզորացնել քաղավիացիան։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ընդգծեց, որ թափուր հաստիքներ ունեն, որոնք չեն կարողանում լրացնել, որովհետև աշխատավարձերը ցածր են, բայց իրենց մոտ մասնագետների մեծ արտահոսք չի եղել։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Ռևազյանն ասաց, Ժամանակ ունեն մինչև մայիս ամիսը, որ կոնկրետ առաջընթաց ցույց տան, և բոլորը հիմա այդ ուղղությամբ աշխատում են։
Ռևազյանն ընդգծում է, որ ծառայությունների դիմաց պետք է գանձեն որոշակի գումարներ՝ մրցունակ աշխատավարձ ապահովելու համար։
Ռևազյանը նաև տեղեկացրեց, որ հայկական որևէ ավիաընկերություն այսօր սև ցուցակում ընդգրկված չէ, պարզապես Հայաստանի հանդեպ հսկողությունն է ավելացել․
«Հայաստանում գրանցված ավիաընկերությունները դիմել են, որ չվերթ իրականացնեն Եվրոպա, նրանց մոտ խնդիրներ են նկատել, որի հետևանքով հսկողությունն ավելացել է մեր Քաղավիացիայի նկատմամբ: Եթե ավիաընկերությունները շուտ դիմեին, խնդիրն ավելի շուտ կառաջանար»:
Ռևազյանն ընդգծեց նաև․ «Մենք բոլոր մեր խնդիրները ներկայացրել են , բայց միաժամանակ ներկայցրել ենք առաջարկվող լուծումներ և ժամկետներ։ Սահմանված ժամկետում մենք պետք է ցույց տանք պրոգրես»։
Ռևազյանը նշեց, որ Եվրահանձնաժողովը կոնկրետ չի ասել՝ ինչ քայլեր են անելու, պետք է պատրաստ լինել ամեն ինչի։
«Հայաստանը բավարար ռեսուրսներ չունի Քաղավիացիայի ոլորտը վերահսկելու, և սա մոտ 10 տարվա խնդիր է»,- պնդում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։
Անդրադառնալով Գյումրու օդանավակայանին՝ Տաթեւիկ Ռևազյանն ասաց՝ փաստ է, որ այն երկրորդական օդանավակայան է, և քաղաքը դեռ այդքան ակտիվ չէ տուրիզմի առումով, որ ավիընկերությունները «հերթ կանգնեն»․
«Դրա համար մենք այլ խթաններ ենք տրամադրում, որ Գյումրի քաղաքը զարգանա և ավիաընկերություները ուզենան թռչել Գյումրու օդանավակայանից»,- ասաց նա։