Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 15-ը դեկտեմբերի․ Քոչարյանը թույլ չի տա երկրորդ նախագիծ (տեսանյութ)

1998-ի դեկտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը հայտարարում է իր հայտնագործության մասին՝ եթե արդյունաբերությունը չաշխատի, այս երկիրը չի զարգանա: Մարզի էկոլոգիական վիճակն ավելի աղետալի է՝ Ալավերդու պղնձաձուլարանն, օրինակ, աշխատում է, բայց թունավոր արտանետումներն աղետալի են։ Իսկ Վանաձորի առայժմ չաշխատող քիմիական գործարանն ուղղակի էկոլոգիական հրաշքներ էր գործում, երբ աշխատում էր:

1999-ի դեկտեմբերի 15-ին զիվորական դատախազությունում ձերբակալվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը: Նա կասկածվում է հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից իրականացված տեռորիստական ակտի կատարմանը դրդելու մեջ։  Ռոբերտ Քոչարյանը մամուլի խոսնակի բերանով հայտարարում է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։

Ամենայն Հայոց կաթողիկոսը նույն օրը խոսում է հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանին սուրբ հռչակելու մասին։ Դա պետք է որոշի ժողովուրդը եւ եկեղեցու սրբադասման կարգը, որը դեռեւս չկա։ Կաթողիկոսը հերքեց, որ հոկտեմբերի 27-ին պաշտպանության նախարարությունում ներկա է եղել զինվորական բարձրագույն հրամանատարական անձնակազմի հավաքին, սակայն ընդունեց, որ հաջորդ օրը եղել է այդ նախարարությունում:

Նույն օրը Երեւանում լրագրողներին հնարավորություն է տրվում ներկա լինելու գիշերային ակումբի բացմանը, որտեղ ոչ հայ աղջիկները հանդես են գալու մերկապարով։ Ակումբի սեփականատերերը պնդում են, որ իրենց հաճախորդների մեծ մասը լինելու են մտավորականության անդամներ։ ԱԺՄ վարչության մի մասը ակնհայտորեն պատերազմ է հայտարարել Վազգեն Մանուկյանին: Հակադրվողների մեջ է դեռեւս վարչության անդամ Շավարշ Քոչարյանը :

2000-ի դեկտեմբերի 15-ին հրավիրած ԱԺՄ համագումարում Վազգեն Մանուկյանի դիրքերն ուժեղ են՝ վարչության 12 անդամի չի հաջողվում ԱԺՄ նախագահի պաշտոնից հեռացնել Վազգեն Մանուկյանին: «Քիչ եք»,-հասկացնում է ԱԺՄ առաջնորդը:

«Մենք բոլորս անմեղ մեղավորներ ենք»,-նույն օրը Վերաքննիչ դատարանում հայտարարում է տարբեր սպանությունների մեջ ներքաշված Արմեն Տեր Սահակյանի հանցախմբի անդամներից մեկը: Վերջինս համոզված է եղել, որ Հայաստանի քաղաքացիների սպանության հրամանը կատարելիս հանցախումբը գործել է հանուն պետական շահի:

Նույն օրը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանն ու Սաֆար Աբիեւը: Պայմանավորվում են լինել մշտական կապի մեջ զոհեր բացառելու, նոր ռազմագերիների փոխանակման եւ սահմանային նոր միջադեպերը բացառելու համար:

Նույն օրը Լոռու մարզում շահագործման է հանձնվում Պուշկինի լեռնանցքի 1800 մետր երկարություն ունեցող թունելը: Մեկ միլիոն 200 հազար դոլար է ծախսվել թունելի վերանորոգման համար: Գումարի մեծ մասը Համաշխարհային բանկի վարկն է:

2001-ի դեկտեմբերի 15-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ 2002-ի ընթացքում մինչեւ հերթական համապետական ընտրությունները հանրաքվեի կդրվի Սահմանադրության իր նախագիծը, ոչ մի ուրիշ նախագիծ չի լինելու : Սակայն կար նաեւ Շավարշ Քոչարյանի եւ 5 կուսակցությունների նախագիծը, որը կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու մասին էր: Ռոբերտ Քոչարյանն ասում է նաեւ, որ բարեփոխումների գործընթաց սկսելով ինքը կատարել է իր նախընտրական խոստումը՝ կրճատել նախագահի իր լիազորությունները:  Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ պարոն Քոչարյանը հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում ստեղծելու է 40 հազար աշխատատեղ: Լրագրողներից մեկը նկատում է, որ նրանց մեծ մասն ամսեկան ստանում է 15-20 հազար դրամ:

2010-ի այս օրը հայտնի է դառնում, որ հաջորդ տարի Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 100 միլիոն եվրո ասոցացման համաձայնագրի շրջանակում: Փոխարտգործնախարարն ասում է, որ արդեն նախնական համաձայնություն կա համաձայնագրին միանալու:

2012-ի դեկտեմբերի 15-ին ՀՀԿ-ի համագումարում նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանն արձանագրում է, որ իր իշխանության ժամանակ լրագրողներին դեռեւս չեն ծեծել՝ դա լավ է: Ղարաբաղցի ղեկավարն ասում է նաեւ՝ այսուհետեւ իր իշխանությունը շջվելու է դեպի հայաստանցին: