Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀԿ-ի կողմից երեսպաշտություն է, որ ոչ մի բան չարած՝ կարող է ընդդիմություն լինել․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ անկախ նրանից,  թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունումը եղել է աշխարհաքաղաքական գործոն, թուրքական վարքի հակազդեցություն, թե ներամերիկյան խնդիր, պետք է ասել, որ սա ամերիկյան արժանիք է։

«Այս հաջողությունը պատկանում է բոլորին՝ հայ համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Իհարկե, կարելի է ասել ժամանակի ընտրությունը  պատեհ է եղել՝ թուրքական վարքը , նախագահ Էրդողանի պահվածքը, թուրքական ներխուժումը Սիրիա՝ ամեն ինչն իր դերակատարումն ունեցավ։ Բայց պետք է ասել՝ «Մնում է նաև մեզ»՝ Հայաստանի Հանրապետությանը, ողջ հայ ազգին աշխարհասփյուռ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 

Քաղաքական գործիչն այս կոնտեքստում կարևորեց հետագայում՝ 2021 թվականին, դիվանագիտական և քաղաքական քայլերով գնալ «Կարսի և Մոսկվայի պայմանագրերին դեմ-հանդիման», իսկ բանաձևի ընդունումը կարող է լինել ուղենիշներից մեկը, որով Հայ դատը, Հայկական հարցը կարող է հաջողակ ընթացք ունենալ։

Անդրադառնալով «Ժառանգության» հետագա դերակատարությանը քաղաքական կյանքում՝ քաղաքական գործիչն ասաց, որ քանզի կուսակցությունն իշխանության մեջ չէ, ուստի ընդդիմություն է, հունվարից տեսանելի կլինեն նրա ավելի ընդգծված մոտեցումները։

«ԺԿ-ն չի համարում, որ Հանրապետական կուսակցությունը, որ չի անցել քավարանով, որ մեղքերի որևէ թողություն չի անցել, ինքը չի կարող լինել իսկապես ժողովրդավարական ընդդիմություն։ Թեև մենք որևէ մեկի դատավորը չենք, չենք բացառում, որ ապագայում անցնելով այդ քայլերով՝ կարող է ինքնամաքրվել, խնդրեմ»,- նշեց Հովհաննիսյանը։

Սակայն ներկայումս, ըստ նրա, ՀՀԿ-ի կողմից երեսպաշտություն է, որ ոչ մի բան չարած՝ կարող է ընդդիմություն լինել։  

Եվրախորհրդի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության, լեհական «Քաղաքացիական հարթակ» կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, գերմանական «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն» կուսակցության փոխնախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարել էին պոպուլիստների դեմ պայքարի մասին։ 

Նույն համագումարի ժամանակ ՀՀԿ (ԵԺԿ դիտորդ անդամ – հեղ․) նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր , որ իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ:

Հարցին, թե ինչ-որ կապ տեսնո՞ւմ է այս ելույթների մեջ, և ինչպե՞ս է ԵԺԿ-ն աջակցելու ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» նույնպես ԵԺԿ դիտորդ անդամ է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պոպուլիզմը տևական թեմա է եղել ԵԺԿ-ում, աջ կենտրոնական գաղափարախոսության մեջ։ Այդ գաղափարախոսությունը կրող կուսակցությունների կողմից, ըստ Հովհաննիսյանի, օգտագործվել է սոցիալիստների, սոցիալ-դեմոկրատների դեմ պայքարում։

«Ինձ համար այդքան էլ համոզիչ չէ պոպուլիզմի թեման։ Քաղաքականությունն ինքը պոպուլիստների ասպարեզ է, այդպես կարելի է ասել։ Բայց եթե աջ կենտրոնն ավելի պահպանողականների համար է, ես կարծում եմ, որ պարոն Սարգսյանի ելույթը հարմարեցվեց Տուսկի և մյուս ԵԺԿ ղեկավարների հետ՝ ուղղակի համընկնելու համար։ Ես կարծում եմ, որ Հանրապետականի իշխանությունն ինքը պոպուլիզմի շրջան էր իր ներքին և արտաքին քաղաքականությամբ, Ղարաբաղի թեմաներով։ Ուղղակի չեմ ուզում մանրանալ»,- շեշտեց Հովհաննիսյանը։ Վերջինս կարծում է նաև, որ Տուսկի նախագահության շրջանն ավելի ժողովրդավարական ու խիստ կլինի։

Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, «դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ»։

(Փաշինյանը ասում է, որ Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար - հեղ․):

Հովհաննիսյանը Փաշինյանի այս հայտարարությունը դիտարկում է որպես ԼՂ հակամարտության բանակցություններում մարտավարական նորարարություն, և ըստ նրա՝ եթե այն մտցվում է հակառակորդ կողմին նեղը դնելու համար, որ վերջինս մանեվրելու տեղ չունենա, կարելի է․ «Դու ասես՝ «Սա եմ ասում, Ալիև դու ասա», Ալիևը չկարողանա պատասխանել, դրանով փորձես նաև Արցախի սուբյեկտայնությունն ընդգծել, էլի հետաքրքիր միտք է։ Նաև ուզում ես ասել, թե Ադրբեջանի ժողովուրդը ո՞րն է․ որովհետև գիտենք, որ Ադրբեջանի ժողովուրդը որն է, որովհետև Ադրբեջանում, գիտեն, որ ազգային փոքրամասնությունները շատ են»։

Բայց քաղաքական գործիչը նկատում է նաև, որ սրանից կես քայլ այնկողմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի քայլն է։ Նա նշեց, որ Լավրովը մի քանի շաբաթ անց գնում է Ադրբեջան և «ժողովուրդներ» չի ասում, այլ՝ «բնակիչներ» է ասում։

««Բնակիչներըն արդեն համայնքների է բերում», և արդեն անցնում ենք ադրբեջանական հայտնի թեզին, որ «համայնքներն ինչ են ասում»։ Ուզում եմ ասել, որ շատ զգույշ պետք է լինենք և վարչապետի, նախագահի շուրջ այդ խորհրդականները պետք է շատ զգույշ լինեն խորհուրդ տալու ժամանակ, որ այդ շատ խորամանկ, այդ խելացի խորհուրդները, որ տալիս են Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում, այդ պահի համար հետաքրքիր են, վաղը-մյուս օրն ինչ են կարող բերել Լավրովի շուրթերով արդեն Բաքվում։ Դրա համար ես չեմ ուզում միանշանակ ասել»,- ընդգծեց նա։

Հարցին՝ վտանգավո՞ր կլինի, որ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցի բանակցություններին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա գոյություն չունեցող տարբերակ է։   

Մանրամասները՝ տեսանյութում։