Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նանուշյան
A A
Հասարակություն

Նույն րոպեին տեսնելու են արդյունքը․ փոխնախարարը՝ բժշկական ապահովագրության մասին (տեսանյութ)

Դեկտեմբերի 12-ին նշվում է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր։ Այս կապակցությամբ Հայաստանում ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպվել էր ասուլիս, որին մասնակցում էին Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Հայաստանում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Իր ելույթում Լենա Նանուշյանն ասաց, որ պարտավորություն ունեն յուրաքանչյուր քաղաքացու առջև մատչելի դարձնել առողջապահական ծառայությունները։ «Մենք մարզերում խնդիրներ ունենք բժիշկներով ապահովվածության հետ կապված։ Մարզային առողջապահություն զարգացնելու խնդիրներ ունենք, որակի հետ կապված խնդիրներ ունենք։ Առողջապահության նախարարությունը ծրագրեր է իրականացնում լուծելու նշված խնդիրները»,- ընդգծեց Առողջապահության փոխնախարարը։

Անդրադառնալով Առողջապահության նախարարության ներկայացրած «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» օրինագծին՝ Նանուշյանն ասաց, որ ապահովագրությունից կարող է օգտվել Հայաստանի ողջ բնակչությունը․ բոլոր խմբերը ընդգրկված են լինելու։

«Մենք հաշվարկել ենք, թե ինչպիսի փաթեթ ենք տրամադրելու այս համակարգի շրջանակներում։ Հաշվարկել ենք այդ ծառայությունները, փաթեթը։ Օրինակ կարող եմ ասել, որ ներառել ենք նաև դեղերի փաթեթը, արտահիվանդանոցային այն խրոնիկ հիվանդությունների համար, որոնք որ հաճախ պոլիկլինիկական օղակում դիմում են և պետք է բուժում ստանան, բայց մարդիկ չեն կարողանում այդտեղ ձեռք բերել։ Մենք առանձին փաթեթում ներառել ենք այդ մի խումբ դեղեր ձեռքբերումը։ Դրա արդյունքում մենք հանգել ենք մի գումարի, որը մոտավորապես 230 միլիարդ դրամ է կազմում, և դրանից առանձնացրել ենք այն գումարը, որը պետական բյուջեի շրջանակներում նախատեսվում է երկու տարի հետո տրամադրել առողջապահության ոլորտին»,- շեշտեց Նանուշյանը։ 

Դիտարկմանը, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքին և  հարցին, թե ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի այս իշխանություններին ապահովագրական այս հայեցակարգի հետ կապված, փոխնախարարն ասաց, որ հանրությունը ապահովագրության արդյունք կտեսնի անմիջապես երբ ապահովագրության համակարգը ներդրվի, երբ արդեն վճարումները կատարվեն։

«Որովհետև անմիջապես բժշկական ծառայությունը ցանկացած պահի՝ հենց վաղը, հենց նույն րոպեին ստանալիս տեսնելու են արդյունքը․ հաճախեն պոլիկլինիկա՝ այնտեղ կնշանակվի, կստանան իրենց դեղը, հիվանդանոցային ծառայության դիմեն՝ հրատապ վիրաբուժական ծառայության կարիք լինի՝ կստանան այդ ծառայությունը։ Ինչ որ ներկա պայմաններում, ինչպես ասացի, հասանելի չէ»,- մանրամասնեց Լենա Նանուշյանը։

Իսկ ապահովագրության շրջանակներում 6 տոկոս առողջապահական հարկը, ըստ նրա, գանձվելու է քաղաքացու հիմնական աշխատավարձից։

Մանրամասները՝ տեսանյութում։