Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էմիլ Երիցյան
A A
Մարզեր

Մարզպետներն իրավասություն չունեն համայնքների նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու․ Համայնքների միության նախագահ (տեսանյութ)

Կարևոր է, որ վարչատարածքային փոփոխությունները բերեն համայնքների լիազորությունների ավելացմանը, կարծում է Հայաստանի համայնքների միություն նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով համայնքների խոշորացումից եւ կառավարումից, նա նշեց, որ  նախկինում կատարված համայնքների խոշորացումից հետո համայնքների լիազորությունների ավելացում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ կառավարության ծրագրով նախատեսված խոշորացումները հատվածական են, և չկա կոնցեպտ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը։

«Համայնքների վարչական սահմանների փոփոխության ժամանակ, խոշորացման ժամանակ պետք է համայնքի կարծիքը լսվի, կարևոր չի դա հաշվի առնվի, բայց համայնքի կարծիքը պետք է լսվի, և դա սահմանադրական պահանջ է»,- ընդգծեց Երիցյանը։

Միության նախագահի խոսքերով՝ շրջանառության մեջ դրված և առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական հանրաքվեների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, հակասահմանադրական է, քանի որ տեղական հանրաքվե չի կարող իրականացվել վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ․ «Այսինքն՝ մարդիկ չեն կարող նախաձեռնել այդ թեմայով հանրաքվե։ Դա պետք է լինի կառավարության նախաձեռնությունը»։

Մարզպետարանները, ըստ փորձագետի, համայնքների նկատմամբ  վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունեն, և լիազորությունները սահմանափակվում են միայն տարածքային կառավարմամբ։ 

«Ինչպես արձանագրում ենք, որ մարզպետներն իրավասություն չունեն համայնքների նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնել, դա միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ունի ուղղակիորեն, նույնկերպ վարչապետին կից Պետական վերահսկողության ծառայությունը շատ սահմանափակ դեպքերում է կարող գնալ համայնք ստուգումների իրականացնելու՝ այն էլ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ելակետային տվյալներ նայելու համար»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ՊՎԾ-ն օրենքով լիազորություններ չունի համայնքների նկատմամբ գործողություններ կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։