Բացել լրահոսը Փակել լրահոսը
79743529_587638125397688_7596927493055971328_n
A A
Քաղաքականություն

Ի՞նչ է արել «Իմ քայլը», որպեսզի Հայաստանում անհատները երջանիկ լինեն․ ԱԺ ընտրությունից 1 տարի անց (տեսանյութ)

 7-րդ գումարման Ազգային ժողովը 1 տարեկան է։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության («Իմ քայլը» դաշինքի) նախընտրական կարգախոսը «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»-ն էր։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամփոփելով 1 տարվա գործունեությունը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ 1 տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, որոնք պետք է հանրությանը մոտեցնեին նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսին։

«Հատկապես միջազգային հարթակներում և Արցախի հիմնահարցի հետ կապված մեր դիրքերն ավելի ուժեղ են, քան երբևէ։ Այն հեղինակությունը, որ ունի Հայաստանը միջազգային կառույցներում, միջազգային մեր գործընկերների շրջանակում՝ հենց դրա վկայությունն է։ Դրանք օգնելու են ոչ միայն արտաքին քաղաքականության ուղղությամբ մեր շահերը առաջ տանելուն, այլև օգնելու են ներքին բարեփոխումներ իրակնացնելուն և ժողովրդավարության կայացման համար»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Թե ի՞նչ քայլեր են արվել, որպեսզի Հայաստանում անհատները երջանիկ լինեն, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը օրինակով խոսեց՝ խորհրդարանը ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից դարձավ 68 000։

«Նախագծերը շատ են, իհարկե, դրանք բավարար չեն։ Մենք առաջիկայում շատ աշխատանքներ ունենք անելու։ Հաջորդ տարի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ ՀՀ քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթը դիտարկում ենք հենց այդ համատեքստում»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը։

Դիտարկմանը, թե չի նեղվո՞ւմ, այն փաստից, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, բայց նախարարները ստանում են ավելի շատ աշխատավարձ, քան խորհրդարանականները։ Լիլիթ Մակունցը կես կատակ, կես լուրջ նախ նկատեց՝ դուք սադրում եք ինձ, որին ես չեմ տրվի։

«Իհարկե, մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացմանը, եթե ուսումնասիրենք միջազգային պրակտիկան կտեսնենք, որ խմբակցությունների ղեկավարները, անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմության, քաղաքական առումով բոլորովին այլ ներգրավածություն ունեն։ Մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ ստանալ մի նախագիծ, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների դերը։ Սա չի նշանակում, որ այդպիսով փորձում ենք աշխատավարձները բարձրացնել»,- շտապեց նշել Լիլիթ Մակունցը։