Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1571
A A
Հասարակություն

Քիմիա և ճառագայթային թերապիաների կուրս է անցել․ կինը դիմում է՝ հաշմանդամության կարգ սահմանելու համար (տեսանյութ)

Սյուզաննա Շահմուրադյանն ունի անչափահաս երեխաներ, 5 տարի առաջ վիրահատվել է՝ ունենալով կրծքագեղձի և երիկամի քաղցկեղ, օրգաններն արմատապես հեռացվել են։ Նա բնակվում է Երևան քաղաքի Ս․ Տարունց  3-րդ շենք, 107 բնակարանում։

«Ա1+»-ի հետ զրույցում կինն  ասաց, որ քիմիա և ճառագայթային թերապիաների կուրս է անցել, սակայն 2-րդ տարվա ընթացքում իրեն մերժել են․

«Պատճառաբանելով, որ ես առողջացել եմ։ Բազմիցս դիմել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, չգիտեմ ինչն է պատճառը, հեշտ չէին թողնում, որ հանդիպեմ մեր ԱՍՀ նախարարին»։

Քաղաքացին նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության  Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը պատասխանել է, որ ինքն (Ս․Շ․-ն – հեղ․) արմատապես առողջացած է, և օրգաններն իր ֆունկցիաները  վերականգնել են։

Շահմուրադյանն ասաց, որ քիմիա և ճառագայթային թերապիաները բացասական ազդեցություն են ունեցել իր սրտի և անոթների վրա, ինչի հետևանքով թե՛ աչքերն են ուռչում, թե՛ իրեն է շատ վատ զգում։

Նա ասաց, որ պառկել է հիվանդանոցում, հետազոտություններ է անցել, որից հետո ՀՏՀ վարչությունը կրկին որոշել է, որ իրեն հաշմանդամության կարգ չի հասնում։ Շահմուրադյանը սինտիգրաֆիա նույնպես անցել է, որը ցույց  է տվել, որ իր մոտ ոսկորների քայքայում և աղերի կուտակում է առկա, ստուգվել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ կատարված հետազոտություններն արձանագրել են կլինիկական հետևյալ ախտորոշումը․ խառը բնույթի (աթերոսկլերոտիկ, ատրոֆիկ) էնցեֆալոպաթիա, բարձր ռիսկայնության 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիա,  դեֆորմացվող օստեոարթրոզ՝ առավելապես ծնկան հոդերի ախտահարմամբ - ՈՒՖԱ 2-րդ աստ․, դատարկ թրքական թամբ, վահանձև գեղձի բազմահանգուցավոր խպիպ, էութիրեոիդ վիճակ։

Կինը նշեց, որ հետագայում կարողացել է հանդիպել ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ասել է, որ ցանկանում է աշխատել, չէր ցանկանա հույսը դնել 30-37 հազար դրամ նպաստի վրա, նախկինում ունեցել է բարձր վարձատրվող աշխատանք, սակայն ներկայումս ֆիզիկապես ի վիճակի չէ։ 

Սյուզանն Շահմուրադյանը մեզ է փոխանցել «Արմենիա» ԲԿ-ի տրամադրած էպիկրիզը, Վ․ Ա․ Ֆանաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տրամադրած էպիկրիզը, ՄԻՊ-ի կողմից իր խնդիրների վերաբերյալ դիմումի՝ ԱՍՀ նախարարության պատասխանը։ Քաղաքացու հիմնական պահանջն այն է, որ վերանայվի իր հաշմանդամությունը, և ստանա այն, ինչն օրենքով իրեն հասնում է, եվ իր հաշվարկներով պետք է տրամադրվի 37-39 հազար դրամ նպաստ։ 

ԱՍՀ նախարարության պատասխանի մեջ մասնավորապես նշված է, որ «ընդունելության ժամանակ Ս․ Շահմուրադյանին տրվել են պարզաբանումներ հաշմանդամության սահմանման կարգի, գործող չափորոշիչների վերաբերյալ և տեղեկացվել, որ համաձայն ՀՀ կառավարության 02․03․2006 թ․ N 276-Ն որոշմամբ  հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 29-րդ կետի դրույթների, հաշմանդամության սահմանման նպատակով կարող է կրկին դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հաձնաժողով՝ միայն առողջական վիճակի վատթարացման դեպքում, ներկայացնելով առողջության խաթարումը (վատթարացումը) հաստատող նոր բժշկական փաստաթղթեր»։

Մանրամասները՝ տեսանյութում և փաստաթղթերում։