Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133934
A A
Հասարակություն

Քըրքի կերպարը ես փնտրելու կարիք չունեի. Լևոն Թոքմաջյան (տեսանյութ)

Այսօր Սպիտակում բացվեց հայ բարերար, գործարար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015) կիսանդրին, որի հեղինակն է Հանրապետության ժողովրդական նկարիչ, Քանդակագործների միջազգային մրցույթների դափնեկիր, քանդակագործ  Լևոն Թոքմաջյանը։ 
 
«Այսօր կնշենք կամ հավերժությանը կհանձնենք մեր մեծ հայրենասեր, Հայաստանի ջերմ բարեկամ, Հայ ժողովրդի մեծագույն զավակ Քըրք Քըրքորյանի քարակերտ կոմպոզիցիոն տիպաքանդակը», - ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում։ 
 
Քանդակագործի խոսքերով՝ սա ոչ միայն իր նվիրումն է Քըրք Քըրքորյանին, այլև՝ երկրաշարժից տուժած հայ ժողովրդին, նրա հիշատակին։ Թոքմաջյանի համար սա իր  երախտագիտությունն է ոչ միայն Սպիտակի ժողովրդին, այլ նաև Քըրք Քըրքորյանի նման մեծ հայրենասերներին։
 
Հարցին, թե որքա՞ն ժամանակ պահանջվեց դիմաքանդակի համար, վաստակավոր նկարիչը պատասխանեց, որ դեռևս հայ բարերարի կենդանության օրոք հանդիպել է հետը և նախկինում մի քանդակ նվիրել է։ «Այնպես որ Քըրքի կերպարը ես փնտրելու կարիք չունեի։ Ընդամենը երկու ամիս տևեց միայն քարի վրա աշխատելու համար, քարի մեջ նրան տեսնելու նրան. այդ ժպտերես, բարի, այդ մարդասեր մարդուն», - եզրափակեց նա։