Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Պարոն վարչապետ, Դուք ինձ մի կոտ ոսկի եք պարտք» (տեսանյութ)

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը «Պարոն Վարչապետ, Դուք ինձ մի կոտ ոսկի եք պարտք» պաստառով եկել էր կառավարության շենքի առջև․ պաստառը  կախել էր կառավարության դիմացի ծառի վրա։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ 1990-ական թվականներին Երևանի  «Ապոլոն» հրատարակչության պատվերով գերմաներենից հայերեն թարգմանել է ավստրո-հունգար հրեա գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», «Դղյակը» վեպերը, «Կերպարանափոխություն» պատմվածքը։

Թարգմանիչն ընդգծեց․ «Մշակույթի նախարարության պաշտոնյա Արմեն Սարգսյանը ՀՀ-ում գոյություն չունեցող հրատարակչության անվան տակ, առանց ինձ հետ համաձայնեցնելու, վերցրել և հրատարակել է իմ թարգմանած գիրքը՝ խախտելով թե՛ իմ հեղինակային իրավունքը․ խախտելով թե՛ պետության գրահրատարակչության մասին օրենքը»։ 

Մկրտչյանը նշեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին է գիրքը գնել  գրախանութից։ Լրագրողի հարցին, թե ինչ կապ ունի ծառից կախված պաստառի վրայի գրությունը դեպքի հետ, թարգմանիչը պատասխանեց , որ վարչապետը երեկ հայտարարություն արեց, թե «որևէ պետական պաշտոնյա գողություն թույլ տա, թաթերը կկտրենք»․  «Ես սուտը բռնել եմ»։

Գրքի թարգմանության հրատարկման դեպքի վերաբերյալ «Ա1+»-ը մեկնաբանության համար դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որը 2018 թվականին թարգմանությունը հրատարակելիս զբաղեցրել է Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության արտահաստիքային փորձագետի պաշտոնը։

Մեկնաբանությունը հետևյալն է․ «Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» պատմվածքի հրատարակումը որևէ առնչություն չի ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունում իմ գործունեության հետ: Ես չեմ եղել քաղծառայող և հետևաբար՝ իրավունք եմ ունեցել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն: Սամվել Մկրտչյանի թարգմանության հեղինակային իրավունքը անօտարելի է, նրա անունը որպես թարգմանության հեղինակ, նշվել է գրքույկում: Հրատարակությունից հետո պարզվել է, որ «Կերպարանափոխություն» պատմվածքի թարգմանության նկատմամբ գույքային իրավունքի օգտագործման իրավունքը ձեռք է բերել «Անտարես» հրատարակչությունը, ուստի հրատարակված գրքի օրինակները ի պահ են տրվել այդ կազմակերպությանը՝ դրանց վաճառքը բացառելու նպատակով: ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության արձանագրության հիմքով, քանի որ ես չեմ ունեցել պետական գրանցում, հաշվառված չեմ եղել հարկային մարմնում և գրքի մի քանի օրինակի վաճառքի համար ստացել եմ եկամուտ՝ վճարել եմ տուգանք՝ 200 հազար ՀՀ դրամ՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն»։

ՀՕ, հոդված 407 - Ապօրինի գործունեությամբ զբաղվելը

  1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը:

Մանրամասները՝ տեսանյութում