Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը

Օրերս Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու  ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքերը։

Նշենք, որ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:  

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:   

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը նշեցին, որ հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով: «Մենք օգնում են մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։   

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, «Ապագա» հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և  առողջական խնդիրների  լուծմանը։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների, հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել, և մենք նրա հետ միասին փորձում են ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքերը ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթի ժամանակ նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն  Տաթև Այրումյանը։

Նշենք նաև, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյուքնում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։