Բացել լրահոսը Փակել լրահոսը
0FQer9Ar6r
A A
Պաշտոնական

Եղվարդում աշխատանք է փնտրում 2369 մարդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանքի տոնավաճառ է կազմակերպել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 

Տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 300 թափուր աշխատատեղ՝ 280-ը առկա, 20-ը ակնկալվող: 

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Եղվարդ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ուղղված են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունների մեծացմանը:

Նշենք, որ 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Կոտայքի մարզում կազմում է 9.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.6 %-ով: Գործազուրկների թվաքանակը աշխատանք փնտրողների 67.3 %-ն է կամ 6.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 67.3 %-ը, կամ 4.1 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.0 %-ը երիտասարդ է, 2.8 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 35.6 %-ը՝ գյուղաբնակ:

Եղվարդ քաղաքում 2019 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 2369 մարդ, գործազուրկ է 1388 մարդ: Եղվարդի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության ոլորտի մասնագետների, դասավանդողների, ֆինանսների և առևտրի բնագավառի աշխատողների, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողների, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, սննդի վաճառողների և մանածագործական արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ