Առանց փող հրապարակ մի գնացեք
Աջակցիր «Ա1+»-ինՆրանց, ովքեր որոշել են երեխաների ուղեկցությամբ անցնել Հանրապետության հրապարակով, խորհուրդ է տրվում դրամապանակում ունենալ առնվազն մի քանի հազար դրամ:
Դեկտեմբերի վերջից մինչեւ Հին նոր տարի` հունվարի 13-ը, Հանրապետության հրապարակի շատրվանների դիմահայաց հատվածը նմանվում է փոքրիկ «Դիսնեյ լենդի»: Ամբողջ այդ հատվածում տեղակայված են տարբեր տեսակի մանկական ատրակցիոններ: Տեղում աշխատում են մի քանի Ձմեռ պապեր եւ Ձյունանուշիկներ, ովքեր երեխաներին հրավիրում են նստել փոքրիկների համար նախատեսված մեքենաները, հասնել իրենց երազանքներին: Իսկ յուրաքանչյուր կարուսել արժե 200 դրամ:
Այնտեղ իրենց բիզնեսն են իրականացնում նաեւ մի քանի վաճառողներ, ովքեր իրենց իսկ խոսքերով` «մատչելի» գներով երեխաներին են տրամադրում խաղալիքներ: Տեղադրված են նաեւ ավտոմատներ, որոնք «100 դրամով» առաջարկում են խաղալիք շահել:
«Բա քո կարծիքով մենք ո՞նց ենք նոր տարի անում: Տուն-տեղ թողած գալիս ենք այստեղ, ամբողջ օրը ցրտին անցկացնում, որ գոնե մի քանի կոպեկ աշխատենք, տուն պահենք: Հազիվ հարմար սեզոն է»,- «Ա1+»-ին ասաց խաղալիքներ վաճառողը:
«Որոշեցի 3-ամյա Սուսաննայիս բերել Հրապարակի տոնածառի մոտ նկարելու: Նա շողշողացող լույսերով գայթակղվեց, սկսեց վազել մի կարուսելից մյուսը ու ատրակցիոններից օգտվելու համար ստիպված վճարեցի երկու հազար դրամ: Հետո էլ խաղալիքները ստիպված գնեցի, որ մնացած երեխաներից ետ չընկնի ու 5000 դրամ ծախսելով վերադարձա տուն»,- «Ա1+»-ին ասաց Ավանի բնակչուհի Լուսինեն:
Շենգավիթի բնակչուհի Աննան էլ դժգոհեց, թե. «Եթե Հանրապետության հրապարակում էին տեղադրել այդ ատրակացիոները, պետք է անվճար անեին, որ գոնե այդ 10 օրերին մեր երեխաներն էլ հետ չմնային այդ զվարճանքներից: Եթե վճարովի էր, հենա կգնայինք «Մոնումենտ» կամ «Լունապարկ»»:
Ի դեպ, Հանրապետության հրապարակում ժամանակավոր կարուսելներ աշխատացնողները «Ա1+»-ին ասացին, որ դրանք մասնավոր սեփականություն են եւ քաղաքապետարանը որեւէ կապ չունի դրանց հետ: