Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու «ՌԲ Լայպցիգը» մտան փլեյ-օֆֆ, գործող գավաթակիր «Լիվերպուլը»՝ դեռ ոչ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 5-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: Դրանք ի հայտ բերեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակիցների:
E խմբի առաջատար «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց 2-րդ տեղում գտնվող «Նապոլիին»: Հաղթանակի դեպքում լիվերպուլցիները ժամանակից շուտ կզբաղեցնեին առաջին տեղը և կմտնեին 1/8 եզրափակիչ փուլ: Սակայն գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունք, և այժմ հաջորդ փուլ մտնելու համար գործող գավաթակիրը վերջին տուրում Ավստրիայում չպետք է պարտվի «Զալցբուրգին», որը հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց բելգիական «Գենկին» և ընդհուպ մոտեցավ առաջատարներին:
F խմբի առաջատար «Բարսելոնան» այս տուրում սեփական դաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց իրեն անմիջապես հետապնդող Դորտմունդի «Բորուսիային», վաստակեց 11 միավոր և գրավեց 1-ին տեղը: Կատալոնյան ակումբը ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը», որոնք ունեն 7-ական միավոր: Իտալացիներն այս տուրում հյուրընկալվելիս հաղթեցին Պրահայի «Սլավիային»:
G խմբում առաջինը փլեյ-օֆֆ մտավ «ՌԲ Լայպցիգը»: Գերմանական ակումբը սեփական դաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ՝ 2:2, քանի որ հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Վաստակելով 10 միավոր, «կարմիր ցուլերը» ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում: Երկրորդ տեղի համար կպայքարեն «Զենիթն» ու «Լիոնը», որոնք ունեն 7-ական միավոր: Այս տուրում ռուսաստանցի ֆուտբոլիստները իրենց հարկի տակ 2:0 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին և բարձրացան 2-րդ տեղ:
H խմբում առաջատարի դերը ստանձնեց հոլանդական «Այաքսը», որը Ֆրանսիայում 2:0 հաշվով հաղթեց «Լիլին» և վաստակեց 10 միավոր: Իսկ ահա նրա հետ համաքայլ ընթացող «Վալենսիան» ու «Չելսին» Իսպանիայում ոչ-ոքի խաղացին՝ 2:2: Երկու թիմերն այժմ ունեն 8-ական միավոր: Վերջին տուրում «Այաքսը» կընդունի «Վալենսիային», իսկ «Չելսին»՝ «Լիլին»: