Բացել լրահոսը Փակել լրահոսը
77392575_2695009500550190_3497888521971040256_n
A A
Հասարակություն

Վիճաբանություն՝ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Գործով իբրև մեղադրող դատախազ է ներկայացել Կարեն Բիշարյանը: Այս առնչությամբ փաստաբան Հովհանես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով որ 2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Աժ նիստում, Մարտի մեկի գործով քննարկման ընթացքում, դատախազ Կարեն Բիշարյանը, պատասխանելով հարցադրումներին, թե արդյոք հիմքեր առկա չկա՞ն՝ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվություն ենթարկելու հարցը քննարկելու համար, նա ասել է. «Հիմքեր չկան քրեական հետապնդում իրականացնելու համար»:

Ըստ փաստաբանի՝ խնդիրն այն է, որ հետագայում՝ քաղաքական պրոցեսներից հետո, նա տեսել է քրեական հետապնդման հիմքեր:

«Սա վկայում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի, ուստի գտնում ենքոր նա սույն գործով մեղադրող չի կարող ներկայանալ»:

Փաստաբան Արամ Օրբելյանը, միանալով միջնորդությանը, նշեց.

«Կարեն Բիշարյանը փոխել է իր մոտեցումը, ասում էր՝ առկա չէ, հիմա գտնում է, որ հիմքեր առկա՞ են»:

Փաստաբանների միջնորդությանը միացավ նաեւ Ռուբեն Սահակյանը, ինչից հետո վիճաբանություն տեղի ունեցավ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի եւ դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց լռություն պահպանել, սակայն վիճաբանությունը շարունակվեց, դատավորը հեռացավ դատական նիստի դահլիճից:

Ավելի ուշ Աննա Դանիբեկյանը վերադարձավ դատարան և վիճող կողմերին վեճի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տվեց:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց.

«Իմ վարքագծի հետ կապված՝ կարող եմ ասել, որ արտահայտվելու ցանկացած անձ, որ իրավական արտահայտություններով և սպառնալիքներով ընդհատի իմ խոսքը, ստանալու է համապատասխան պատասխան: Այս միջադեպը չէր լինի, եթե դատաական հակառակորդը դատարանից թույլտվություն ստանար»:

Դատարանը թույլատրեց բացարկի միջնորդությունը ներկայացնել: Փաստաբան Միհրան Պողոսյանի ելույթը, սակայն, ընդհատեց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ Միհրան Պողոսյանը Կարեն Բիշարյանի բացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել է,որ նա քաղաքական պատվեր է կատարում, ինչը անընդունելի է: Դատավորը կարգադրեց թույլ չտալ նման հայտարարություններ: Որից հետո շարունակվեցին միջնորդությունները:

Դատախազներ Պետրոս Պետրոսյանը, Գևորգ Բաղդասարյանը, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը թույլտվություն խնդրեցին՝ լքելու դատական նիստերի դահլիճը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու փաստաբանների ներկայացրած բողոքը, որին պետք է մասնակցեն: