Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (2)
A A
Պաշտոնական

ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար:  

«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ կտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Զրուցակիցները մասնավորապես կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որի արդյունքում  կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալու ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:

«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում,  և ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե,  այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը: 

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով