Որևէ միջոց չի ձեռնարկվում բացը շտկելու համար․ պահեստազորի մայորը՝ ՔԾ ծառայողների աշխատանքային իրավունքների մասին
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 18-ին ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արայիկ Սարգսյանը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։
Նույն օրն «Ա1+»-ը «Ինչո՞ւ է կալանավորը կարողանում փախուստի դիմել բժշկական հաստատությունից» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Պահպանության ապահովման բաժնի նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանն անդրադարձել էր բժշկական հաստատություններից փախուստների հնարավոր պատճառներից մեկին։
Հովհաննիսյանն ասել էր, որ առողջապահական հաստատություններում նշանակված պահակակետերի ՔԾ ծառայողների աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվում են, իսկ խախտումը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքի Հոդված 152-ին(Ընդմիջում հանգստի եւ սնվելու համար)։
Ըստ արդարադատության մայորի՝ ծառայողների աշխատանքային իրավունքների խնդիրը կարող է կարգավորվել իրավական ակտով, առնվազն՝ Արդարադատության նախարարի կամ ՔԾ պետի հրամանով, որում պետք է նշված լինի յուրաքանչյուր ծառայողի ընդմիջման և հանգստի ժամանակահատվածը։
Այս առիթով «Ա1+»-ը մեկնաբանության համար դիմել էր Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին։
Քրեակատարողական ծառայությունը պատասխանել է մեզ՝ ՔԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանի ստորագրությամբ ուղարկված գրությամբ։ Գրության մեջ նշված է, որ Սարգսյանի՝ փախուստ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Անդրադառնալով առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետում պահպանության ապահովմանը՝ ՔԾ-ն իր պատասխանի մեջ նշել է, որ ապահովման առանձնահատկությունները և պայմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» Արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի N 195-Ն հրամանով։
Սակայն փաստացի հրամանի Գլուխ 8․ «Պահպանության ապահովման առանձնահատկությունները և պայմանները քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետում» հատվածում չկա կետ, որով կարգավորվում է ընդմիջմամբ հանգստի եւ սնվելու ժամանակահատվածը։
«Ա1+»-ի հետ զրույցում Էդգար Հովհաննիսյանն ասաց, 195-Ն հրամանը չի տալիս ՔԾ ծառայողների հանգստի և սնվելու կարգավորումը։
«Վերոնշյալը փաստում է, որ Արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվում բացը շտկելու համար։ Ըստ էության՝ այդ բացթողումը պարունակում է իր մեջ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով նախատեսված արարք։ Հաշվի առնելով դա, արդյո՞ք չի կարելի եզրակացնել, որ դրանով փորձ են անում կոծկել իրենց մեղավորությունն այդ փախուստի դրվագով»,- եզրափակեց արդարադատության մայորը։
Նշենք նաև, որ «Ինչո՞ւ է կալանավորը կարողանում փախուստի դիմել բժշկական հաստատությունից» հոդվածում հրապարակվել էր նաև Էդգար Հովհաննիսյանի կողմից մեզ տրամադրված ՄԻՊ որոշումը, որի մեջ արձանագրված է․ «Կանոնակարգված չէ կամ ոչ բավարար չափով է կանոնակարգված Քրեակատարողական ծառայության ոլորտը, մասնավորապես բացակայում են քրեակատարողական ծառայության պայմանները, հատկապես քրեակատարողական ծառայողների հանգստի և սնվելու ժամանակացույցերը, ընդմիջումների սկիզբը և ավարտը սահմանող իրավական ակտերը»։

