Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնացք
A A
Պաշտոնական

Հայ մեքենավարները չեն փոխարինվի օտարերկրյա մասնագետներով

Առկա պայմանավորվածությունների համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում:
 
Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են Ռուսական երկաթուղիների ձեռնարկություններ:
 
Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկմանը ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը:
 
Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:
 
Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում:
 
Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի: