Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հիմա նա իրեն շատ էլ ձիգ չի պահում, վերջին ելույթներում խեղճացած էր․ Արամ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի մասին (տեսանյութ)

«Պիցայի մեծ սեղան, թիմ փոխողների թիմ»։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսպես բնութագրեց Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ստեղծված Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի անդամներին։

«Ինչ ուզում եք, ասեք, բայց նրանք քաղաքական թիմ չեն և չեն կարող ընդդիմադիր լինել, որովհետև ընդդիմությունը քաղաքացու աջակցությունը վայելող, այլընտրանքային ծրագրեր ներկայացնող ազնիվ, պայքարող մարդկանց խումբ է։ Այստեղ դրանցից ոչ մեկը չկար։ Եվ բացառվում է, որ նրանք ունենան հասարակական աջակցություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը

Անդրադառնալով գործող իշխանությունների հետ հարաբերություններին՝ ՀԱԿ փոխնախագահն ասաց, թե իրենք աջակցում են բարեփոխումների վերաբերյալ նրանց տված խոստումների իրականացմանը։ Բայց գտնում է, որ դատաիրավական ոլորտի, ՍԴ-ի հարցում կա վախվորած մոտեցում՝ թեև իրավական բարեփոխումների մասին հայտարարություն են արել, բայց դեռ իրականացման սկիզբը չի երևում։ «Այս վախվորածությունը, դանդաղկոտությունը, կաշկանդվածությունը գցում է հեղափոխության տեմպը։ Կարծում եմ հեղափոխությունը դեռ ընթացքում է, դատաիրավական ոլորտում այն դանդաղում է, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է տնտեսական հեղափոխությունը»,- հավելում է ՀԱԿ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում ՀԱԿ-ի դիրքորոշմանն ընդհանրապես, ապա  Արամ Մանուկյանի խոսքերով կուսակցությանն ամբողջությանբ չես կարող ընդդիմադիր անվանել, քանի որ այս պահին իշխանություն վերցնելու հայտ չի ներկայացրել։ «Համաձայն ենք, որ այս իշխանությունը լինի, եթե բարեփոխումներն արագ է կատարում։ Բայց եթե արագ չկատարեց, և մնացին սեղանին, մենք շատ արագ ռադիկալ կեցվածք կընդունենք»,- զգուշացնում է նա։

Արամ Մանուկյանը նաև չի բացառում, որ կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալ։ Եվ համոզված է, որ եթե իշխանությունները ցանկանում են պինդ մնալ, սահմանադրական փոփոխություններից հետո պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնեն։ «Որքան էլ հեղափոխությունը լավ արդյունք տվեց, այնուամենայնիվ, խորհրդարանական մեծամասնությունը միասնական չէ, թույլ է, գաղափարական չէ և կարող է պառակտվել։ Անցել է 1,5 տարի, և 88-ից ընդամենը 20-ը կարող է պատգամավոր դառնալ։ Մեզ հետաքրքրում է նրանց հաջողությունն իրենց կադրերով»,- ասում է նա։

Արամ Մանուկյանը անդրադարձավ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, որին հետևում ու երբեմն էլ մասնակցել է։ «Մի քանի անգամ փորձել եմ Քոչարյանին նայել, հայացքը փախցնում է։ Հիմա նա իրեն շատ էլ ձիգ չի պահում, վերջին ելույթներում խեղճացած էր և հերոս կոչվածի կերպարին հեչ նման չէ»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։