Բացել լրահոսը Փակել լրահոսը
gridnev
A A
Քաղաքականություն

Դեկտեմբերին կներկայացվի ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը

2020 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից դեպի Ռուսաստան արտահանվող կոշիկի համար կներդրվի համապատասխան առևտրային գծանմուշ (маркировка). Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնևը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանից Ռուսաստան է արտահանվում տարեկան մինչև 1,5 միլիոն զույգ կոշիկ և արտահանողների համար կարևոր է իմանալ այս ոլորտում փոփոխությունների մասին։

Գրիդնևն ընդգծեց, որ այդպիսի կարգավորում Ռուաստանում արդեն կիրառվում է ծխախոտային ապրանքների ներկրման համար, և ռուսական կողմն արդեն նախապես իրականացրել է համապատասխան աշխատանքներ` ծխախոտ արտադրող հայկական խոշոր ընկերությունների հետ։

ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականը հիշեցրեց, որ փորձնական ծրագիրը մեկնարկել էր 3 տարի առաջ, երբ առևտրային գծանմուշներն սկսեցին կիրառել մուշտակների համար, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ այդ շուկան Ռուսաստանի տարածքում 4-5 անգամ ավելի մեծ է։

«Սա խոսում է այն մասին, որ առևտրային գծանմուշը կարևոր է ո՛չ միայն կեղծիքների դեմ, այլև ապօրինի ապրանքաշրջանառության դեմ պայքարում։ Սա կարևոր է պետության բյուջեում հարկային մուտքերի ապահովման համար»,- ասաց Գրիդնևը։

Նա նշեց, որ պլանավորվում է ԵԱՏՄ տարածքում առևտրային գծանմուշ ներդնել  ընդհանուր առմամբ 12 տեսակ արտադրանքի համար, որոնց թվում են ֆոտոտեխնիկան, անվադողերը, թեթև արդյունաբերությունը, օծանելիքը և այլն։

Ռուսաստանում այս պահին նշված համակարգը  մշակվում է նաև հեծանիվների և կաթի համար։

 Վիկիտոր Գրիդնևը նշեց, որ դեկտեմբերին կներկայացվի Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը։

Նրա խոսքով՝ ռոումինգի չեղարկումը նոր ազդակ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացներին միությունում, բայց դրա համար անհրաժեշտ է մշակել անհրաժեշտ հարցերը, համաձայնեցնել դրանք բոլոր մասնակից երկրների հետ։