A
A
Մենք ձևակերպել և վերափոխում ենք ՊԵԿ-ը՝ մեկ միասնակ առաքելությամբ և տեսլականով․ ՊԵԿ նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ
Սիրելի՛ հարկ վճարողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ։
Այս օրը լուսավոր առիթ է՝ ընդգծելու Ձեր առանցքային դերը Հայաստանի Հանրապետության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ Ձեր պատասխանատու և հոգատար վերաբերմունքը պետության շարունակական առաջընթացի, տնտեսական աճի և հանրային բարեկեցության կարևոր հիմքերից է։
21-րդ դարում հաջողելու են այն պետությունները, որոնք և որոնց պետական ինստիտուտներն ունենալու են հստակ ձևակերպված տեսլական և առաքելություն։ Այս տեսանկյունից, բխեցնելով Հայաստանի ներկայիս զարգացման տեսլականից, մենք ձևակերպել և վերափոխում ենք ՊԵԿ-ը՝ մեկ միասնակ առաքելությամբ և տեսլականով։ Մեր առաքելությունն է՝ ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Իսկ մեր տեսլականն է՝ Ձեր ՊԵԿ-ը դարձնել դիմանիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։
Սիրելի՛ հարկ վճարողներ,
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է խաղաղ և բեկումնային զարգացման դարաշրջան, որում առանցքային դեր են ունենալու մյուս երկրների հետ հարկային ու մաքսային համակարգերի ինտեգրումը, և որում հաջողելու ենք միայն փոխվստահության, միմյանց և մեր պետության նկատմամբ հոգատարության շնորհիվ։ Հոգատար հարկ վճարելը լինելու է այս ամենի հիմքը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել առաջընթացի ճանապարհին պետական համակարգի ու ՊԵԿ-ի արդյունավետ առաջնորդությունը, ձևավորել՝ Հայաստանը լոգիստիկ և տեխնոլոգիական ապահով հանգույց դարձնելու համար, անհրաժեշտ անվտանգային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ներդնել թվայնացման հեղափոխական համակարգերը։
Պետական եկամուտների կոմիտեն՝ ոգեշնչված Ձեր հետ համատեղ տպավորիչ արդյունքներով, ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և շարունակելու է կատարելագործել իր գործիքակազմը՝ պարզեցնելով վարչարարությունը և շեշտակի ընդլայնելով վերլուծությունների, արհեստական բանականության կիրառությունը, թվային ծառայությունները, խելացի գործիքներով պայքարելով ստվերի դեմ և նվազեցնելով բիզնեսի վարչական բեռը։ Մեր նպատակն է՝ աջակցել Ձեզ լինել ավելի արտադրողական ու մրցունակ և ձևավորել այն ուժը, որն առաջ է մղում Հայաստանի բեկումնային զարգացումը։
Եվ ամփոփելով՝ ցանկանում եմ, որ բոլորդ վերագտնեք հարկ վճարելու հոգևոր առաքելությունը։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր Մեծ Ընտանիքի Բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը՝ հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է այդպիսի կյանք ապահովելու ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը, համոզված եմ՝ յուրաքանչյուրդ զգում եք Ձեր հոգու խորքում։
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք, թռիչքաձև ձեռքբերումներ և առաջընթացներ։