A
A
«Գնամ տուն, հանգստանամ, հետո խոսենք»․ Արսեն Բաբայանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորությունը կկիրառվի։ Երաշխավորներն են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Այս կապակցությամբ «Ա1+»-ը կապ հաստատեց Ա․ Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հետ։ Նա ասաց, որ այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է և փաստաթղթավորման գործընթացն է, և մի քանի րոպե անց Արսեն Բաբայանը դուրս կգա ՔԿՀ-ից։
Հարցին, թե ինչո՞ւ է երաշխավորներից մեկը Սիսակ Գաբրիելյանը, այլ ոչ թե, ինչպես նախկինում էր հայտարարվել, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նա պատասխանեց, որ այս պահին զբաղված է Բաբայանի ազատման փաստաթղթավորման գործով և ավելի ուշ կտեղեկացնի։
Ավելի ուշ Արսեն Բաբայանը դուրս եկավ Վարդաշեն ՔԿՀ-ից։
«Գնամ տուն, հանգստանամ, հետո խոսենք», - դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը և գնաց։
Քրեակատարողական հիմնարկի մոտ նրան սպասում էին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը, լրագրող Էրիկ Անթառանյանը, ՎԵՏՕ նախաձեռնության անդամ, հրապարակախոս Նարեկ Մալյանը և այլք։
Տեսանյութը՝ Aysor.am-ի