Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցիները դժգոհ են

Մարզեր

Գյումրու 14 համարի երթուղու աշխատանքից դժգոհում են ուղեւորները: Երեկոյան ժամը 19-ից հետո հազիվ թե հնարավոր լինի օգտվել դեպի Մսի կոմբինատ տանող միակ երթուղուց: Իսկ առավորտյան ժամերին թաղամաս տանող ճանապարհն, ըստ բնակիչների, հավերժություն է թվում: Երթուղուց օգտվողների ու վարորդների կարծիքները խնդրի վերաբերյալ իրարամերժ են:

«Գյումրու Մսի կոմբինատ թաղամասից մինչեւ կենտրոնական շուկա 14 համարի երթուղին հասնում է կես ժամում»,- պնդում են երթուղուց օգտվող ուղեւորները:

Մսի կոմբինատ թաղամասի բնակիչները բողոքում են, որ երթուղին մինչեւ շուկա հասնում է ոչ պակաս 25 րոպեում, իսկ երեկոյան ժամը 19:00-ից հետո որ աշխատի՝ բախտի բան է:

Վարորդներն էլ ունեն իրենց պատճառաբանությունը: Փողոցները քանդված են, իսկ երեկոյան ժամերին ուղեւորներ չկան: Ուղեւորները համաձայն են, որ երթուղու դանդաղ ընթացքը մասամբ պայմանավորված է քանդված փողոցներով: Նրանցից մեկը նույնիսկ առաջարկեց փողոցներից մեկն անվանափոխել «Ընտրության փողոց», քանի որ այստեղ ասֆալտապատում բացարձակապես չի եղել վերջին քսան տարվա ընթացքում, եւ միայն տարբեր ընտրություններից առաջ թեկնածուների միջոցներով խճաքար են շաղ տալիս, ինչն էլ խնդրի լուծում չէ:

Սակայն ուշացման պատճառ է նաեւ կանգառներում երկար սպասելը:

Խնդրի շուրջ պարզաբանումներ մեզ հաջողվեց ստանալ Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանից: Վերջինիս վստահեցմամբ, այսուհետ սահմանվելու է խիստ հսկողություն եւ որ երթուղային տաքսիները պարտավոր են աշխատել 7-8 րոպե պարբերականությամբ, մինչեւ երեկոյան ժամը 20:30 րոպեն, եթե հարկ լինի նույնիսկ ավելի ուշ: Իսկ Մսի կոմբինատից մինչեւ շուկա մեքենաները պետք է հասնեն 10-13 րոպեում: Հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ