Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 11-ը նոյեմբերի. Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)

1991-ի նոյեմբերի 11-ին Գերագույն Խորհրդի հատուկ նիստում տեղի է ունենում Հայաստանի առաջին նախագահի առաջին երդմնակալության արարողությունը։ Մատենադարանից հատուկ արարողությամբ դուրս է բերվում շքեղ ավետարանը, որը հասցվում է խորհրդարան։ Ավետարանը միակ գիրքն էր Սահմանադրություն չունեցող պետության մեջ, որի վրա երդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նույն օրը նա հեռանում է Հայաստանից, երեք օր հետո հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ։

Բնության պետական թանգարանի խրտվիլակները 1997-ի այս օրերին ծվարել են կիսաավերակ մի դպրոցի լքված մասնաշենքի մարզադահլիճում։ Թանգարանը դեռ 30-ականներից պարսկական Կապույտ մզկիթի տարածքում էր, անկախությունից հետո այն տեղափոխվեց Երիտասարդական պալատ, հետո դարձյալ Կապույտ մզկիթ, իսկ մեկ տարի առաջ 7 օրով՝ այս մարզադահլիճ;

1997-ի նոյեմբերի 11-ին լրագրողների հետ պետք է հանդիպեր Վանո Սիրադեղյանը, որպեսզի պատասխաներ մեկ հարցի՝ արդյոք պատրաստվում է դառնալ Ազգային Ժողովի նախագահ ։ ՀՀՇ վարչության նախագահը ասուլիսի չի գալիս, ի՞նչ պետք է անի մեկ ժամ հենց այնպես կորցրած լրագրողը՝ պետք է պարի։

Նախագահ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղությունը» հոդվածը 1997-ի այս օրն իր դեմ է համախմբել սոցիալիսատական ուժերին։ Աշոտ Մանուչարյանն ասում է, որ Արցախի հարցի լուծման բանակցային ճանապարհը կհանգեցնի ներքին առճակատման՝ Հայաստանը ստիպված կլինի ընտրել ոչ թե խաղաղության եւ պատերազմի, այլ ներքին եւ արտաքին պատերազմների միջեւ։

15 տարի առաջ նոյեմբերի 11-ին մահացավ Խորհրդային Միության հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։ Նրա տան մոտ 1998-ի այս օրը բացվում է հուշաքար։ Մինչդեռ կար սպառնալիք, որ անկախությունից հետո նրա երաժշտությունը մոռացության կմատնվի:

Հայաստանում 1999-ի այս օրերի ամենաքննարկվող հարցը վարչապետ Արամ Սարգսյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակասություններն են կառավարության ձեւավորման շուրջ։ Խոսվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հրաժարականի մասին։ Բոլորին չէ, որ հիացնում է Քոչարյանի հրաժարականի հեռանկարը:

Նույն օրը Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողների հետեւում ոչ ոք չկա։ ԱԺՄ առաջնորդը նույնիսկ ակնարկում է, որ հենց զոհերն էլ ծնեցին իրենց դահիճներին:

2000-ի այս օրը Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացնում իր եւ Աշոտ Մանուչարյանի հանդիպումից։ Վերջինս խոստացել էր Ալբերտ Բազեյանին տրամադրել ապացույցներ, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել Մեղրիի փոխանակմանը հանուն Արցախի եւ Լաչինի միջանցքի, որի արդյունքում էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը։ Հանդիպել են Բազեյանն ու Մանուճարյանը, որից հետո Բազեյանը հարցը ճշտել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նույն օրը Գարեգին երկրորդ կաթողիկոսը Նեապոլից Հայաստան է տեղափոխվում Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի աջ ոտքը։ Մնացած մասունքները կմնան Նեապոլում։ Կաթողիկոսն անձամբ է Լուսավորչի աջ ոտքը տեղափոխում Մայր Աթոռ։ Ճանապարհին առանձնապես ոգեւորություն չկա:

Նույն օրը իրենց կրթաթոշակներն են պահանջում ճարտարագիտական համալսարանի ուսանողները։ Նրանք արդեն երեքից հինգ ամիս թոշակ չեն ստացել։ Ղեկավարությունը նրանց սպառնում է հեռացումներով:

2001-ի այս օրերին հակամարտության մեջ են Երեւանի Կոնյակի գործարանն ու Գրեյթ Վելի ընկերություը։ Գրեյթ Վելի ընկերության տնօրեն Տիգրան Արզաքանցյանն ասում է, որ Կոնյակի գործարանը խանգարում է վաճառել իրենց ապրանքը, Պեռնո Ռիկարն, ըստ նրա, ուզում է միայն ինքը կրել «Արարատ» ապրանքանիշը:

2009-ի այս օրը Երեւանի Էրեբունի համայնքում տեղի է ունենում Կոնգրեսի ակտիվի նիստ, որին մասնակցում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա խոսում է Արցախի հարցի մասին ժողովրդահաճո կարգախոսներից: