Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը 20 տարեկան է

Երիտասարդական ակումբների դաշնությունը երիտասարդության համաշխարհային օրը նշում է գործունեության քսանամյակը: Հոբելյանը նշելու համար «Երազ» համալիրում հյուրընկալվել էին անկախությունից հետո ակտիվ հանրային կյանքին մասնակցություն ունեցած գործիչներ: Երիտասարդական ակումբների դաշնությունը յուրօրինակ հարթակ է դարձել երիտասարդների ինքնադրսևորման, ինքնակայացման և ինքնաարտահայտման համար: Այս օրն էլ բացառություն չէր, ԵԱԴ քարտուղարության անդամ, աշտարակցի Ինեսա Շահազիզյանի դիմանկարների և գեղանկարների ցուցադրությունն էր կազմակերպվել: Երիտասարդ նկարչուհու համար սա նոր ճանապարհի սկիզբ է: ԵԱԴ նախկին և ներկա անդամները սրահում տեղադրված էկրանին պարբերաբար հայտնվող լուսանկարների միջոցով հնարավորություն ունեցան հիշել իրենց ակտիվ գործունեությունը, որն էլ արթնացրեց լուսավոր հիշողություններ:

Երիտասարդական ակումբների դաշնության (#FYCA) անցած ճանապարհի մասին տեղեկություններ և հետաքրքիր փաստեր ներկայացվեցին: Ներկաներին ողջունեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը քսան տարի շարունակ քայլել է  երիտասարդների հետ՝ նրանց պահանջներին համընթաց: «Ընկերներս ասում են, որ ունեմ երեք երեխա՝ առաջին երեխաս ԵԱԴ-ն է»,- կատակեց պարոն Մխիթարյանը: Նա փաստեց, որ ամեն տարի Երիտասարդական ակումբների դաշնությունը հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ իրականացնում է պատկառելի քանակությամբ տեղական ու միջազգային ծրագրեր, միջոցառումներ: Նշվեց նաև, որ կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 1999թ նոյեմբերի 10-ին, համախմբելով ընդամենը յոթ ուսանողական-երիտասարդական ակումբ, իսկ այժմ ակումբների թիվը հարյուրից ավելի է: Նա շնորհավորեց բոլորին և կոչ արեց հին ու նոր անդամներին շփվել միմյանց հետ. գուցե այսօր ծնվեն նոր ծրագրերի գաղափարներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանն էլ շնորհավորելով  բոլորին նշեց՝ «Ըստ իս կազմակերպության քսանամյակ նշելը բավականին հաճելի է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են բացվում ու փակվում կազմակերպությունները, բայց դուք քսան տարի շարունակ ակտիվ գործունեություն եք ծավալել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ միշտ լինելով երիտասարդների կողքին: Ըստ էության մենք զբաղվում ենք նույն գործով, պարզապես դուք դա անում եք հասարակական, մենք՝ պետական մակարդակով: Տեսնելով այստեղ ներկա երիտասարդների վառ դեմքերը համոզվում եմ, որ իմ դրական կարծիքն այս կազմակերպության մասին ավելի քան ճիշտ է»:

Երեկոն էլ ավելի գեղեցկացավ «FYCA band»-ի կատարումների շնորհիվ: Բարեմաղթանքներով ներկաներին դիմեց նաև ԵԱԴ վաղեմի բարեկամ, մշակութային գործիչ Արամ Սուքիասյանը. «Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ այստեղ, սրտանց շնորհավորում եմ բոլորին: Իմ գործընկեր Ատոմ Մխիթարյանը հաղթահարել է բոլոր դժվարությունները, որոնք ի հայտ էին եկել կազմակերպության առաջընթացի ճանապարհին: Մեր երկրի համար պատվաբեր է ունենալ միջազգային դրական իմիջով այսպիսի կազմակերպություն: ԵԱԴ-ի հաջողության գաղտնիքը համարում եմ այն, որ կազմակերպությունը ձեռնպահ է մնացել որևէ կուսակցության արբանյակ լինելուց: Ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ նոր դեմքեր և ինձ համար շատ հաճելի է գրանցել այն փաստը, որ այժմյան երիտասարդները շատ ակտիվ են այս ոլորտում»:

«FYCA band»-ի հրաշալի կատարումից հետո, շնորհավորական խոսք հղեց ԵԱԴ բարեկամ Գևորգ Ներսիսյանը. «Ես Ատոմ Մխիթարյանի հին ընկերներից եմ: Որպես ընկեր շատ ուրախ ու հպարտ եմ կազմակերպության գրանցած հաջողությունների համար: Մաղթում եմ, որ կազմակերպությունը այնքան հզորանա, որ շատ միջազգային կազմակերպությունների համար պատվաբեր լինի ԵԱԴ-ի հետ համագործակցությունը»:

Երեկոն շարունակվեց հյուրասիրությամբ, շնորհավորանքների տարափով, հետաքրքիր խաղերով, ինչպես նաև ԵԱԴ 20-ամյակի խորհրդանշական տորթի համտեսմամբ: 

Առաջիկայում ԵԱԴ քսանամյակի միջոցառումները շարունակվելու են և’ առցանց հարթակում, և’ Երևանում ու մարզերում գործող երիտասարդական ակումբներում։ 

 

ԵԱԴ հանրային կապերի հանձնախումբ