Լավագույնը Հենրիխ Մխիթարյանն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 2009 թ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դոնեցկի «Մետալուրգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դա հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը վաստակեց 355 միավոր եւ շոշափելի գերազանցեց երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող` պաշտպաններ Հրայր Մկոյանին («Ուլիս») ու Սարգիս Հովսեփյանին («Փյունիկ»), ովքեր վաստակեցին համապատասխանաբար 138 եւ 108 միավոր:
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց` Վարդան Մինասյանը (Հայաստանի հավաքական եւ «Փյունիկ»), լավագույն մրցավար` Կարեն Նալբանդյանը, հեռանկարային մրցավար` Արման Ամիրխանյանը: Մրցանակների արժանացան նաեւ Արթուր Քոչարյանը («Ուլիս», բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու), Դավիթ Մանոյանը («Փյունիկ», 2009 թ խոստումնալից ֆուտբոլիստ եւ տարվա հայտնություն), Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ», ֆուտզալի լավագույն ռմբարկու), նույն Հենրիխ Մխիթարյանը (երկրպագուների համակրանք):
Մեդալներ հանձնվեցին այս տարվա առաջնության բարձրագույն խմբի մրցանակակիր թիմերին` Երեւանի «Փյունիկին» (ոսկի), Աշտարակի «Միկային» (արծաթ) եւ Երեւանի «Ուլիսին» (բրոնզ), ինչպես նաեւ 1-ին խմբի հաղթող Դիլիջանի «Իմպուլսին» (փոքր ոսկի):
Ի դեպ, միջոցառման ժամանակ հայտնի դարձավ մեկ հետաքրքիր փաստ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն խոստովանեց, որ «արդեն 15 տարի շարունակ ֆուտբոլ է խաղում, ընդ որում ոչ այնքան վատ, ինչպես աշխարհի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ, արգենտինացի Լեոնել Մեսին»: