Բացել լրահոսը Փակել լրահոսը
74607721_443426789648043_3032307607453827072_n
A A
Հասարակություն

Ինչո՞ւ Նազենի Ղարիբյանը չպատժվեց

Այսօր վերջին օրն է, որ Նազենի Ղարիբյանը կարող է Վերաքննիչ դատարան դիմել բողոքարկելու  առաջին ատյանի դատարանի որոշումն ընդդեմ Օրբելյանի։ Որոշումը ուժի մեջ է մտնում վճիռը հրապարակելուց երեսուն օր հետո, որը լրանում է այսօր՝ նոյեմբերի 8-ին։ Եթե այն չբողոքարկվի, վճիռը օրինական ուժ կստանա, և Կոնստանտին Օրբելյանը կվերականգնվի Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ամիսներ առաջ ընդունեց թատրոնի աշխատակազմին, խոստացավ, որ կպատժի Նազենի Ղարիբյանին, եթե դատարանը պարզի վեջինիս մեղքը։

«Ա1+»-ի հարցին, ինչու Նազենի Ղարիբյանը չպատժվեց, և առ այսօր որևէ պատասխանատվություն չի կրում՝ Օրբելյանը պատասխանեց, որ պատիժը միգուցե այն է, որ տիկինը չի «ղեկավարում» այլևս որևէ կառույց և վարչապետը դրանով հարցը համարում է փակված:

Ստեղծված անորոշ իրավիճակի պատճառով, թատրոնին աջակցող կազմակերպություններն ու հովանավորները հրաժարվեցին համագործակցությունից և լուծարեցին պայմանագրերը, քանի որ իրենց երաշխիքը Օրբելյանն էր, որի արդյունքում թատրոնը ֆինանսապես տուժեց և շատ ծրագրեր իրականացնել հնարավոր չէ։

Ով պետք է պատասխան տա այս ամենի համար պարզ չէ։

«Ճենապակե բաժակ պատրաստելը մի բան է, կոտրելը՝ մեկ այլ, իսկ կպցնելուց հետո, տեղը միևնույն է կերևա։ Հիմա պետք է փորձենք նոր հովանավորներ գտնել։ Մենք այն թատրոնն ենք, որը միշտ ունեցել է և ունի հիանալի ռեսուրս՝ հանձինս մեներգիչների, երաժիշտների։ Ահա թե ինչու ես համաձայնեցի ղեկավարել այս թատրոնը»,- ասում է պարոն Օրբելյանը և հավելում, - ինձ հարկավոր է որ պարոն Փաշինյանը կանգնած լինի թատրոնի թիկունքին, թատրոնի, որն ազգային արժեք է»։

 

Ի դեպ․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Կաունասի պետական երգչախմբի, մեր օպերային թատրոնի մեներգիչների և նվագախմբի հետ համատեղ։  Իսկ նոյեմբերի 12-ին կկայանա «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման պրեմիերան: